ՆորություններՍպորտ

Ոչ-ոքի Երևանում․ Փյունիկը և Կլուժը չպարզեցին հաղթողին

Հուլիսի 5-ին «Փյունիկը», որն այս մրցաշրջանում 15-րդ անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը, մեկնարկել է Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլում՝ սեփական հարկի տակ ընդունելով Ռումինիայի չեմպիոն «Կլուժին»։

Խաղի հենց մեկնարկում հյուրերը կարող էին բացել հաշիվը, սակայն երկու անգամ երևանյան թիմին փրկեց դարպասապահ Դավիդ Յուրչենկոն։ 17-րդ րոպեին տանտերերը սեփական կիսադաշտում կորցրին գնդակը, ինչից հետո հյուրերը կարող էին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն երևանյան թիմին կրկին փրկեց Յուրչենկոն։ Առաջին խաղակեսի միջնամասում մեր թիմը հավասարեցրեց խաղը, սկսեց ավելի ակտիվ գործել առջևի գծում, իսկ ռումինական թիմի ֆուտբոլիստները փորձում էին Յուրչենկոյին հանկարծակիի բերել հեռվից կատարած հարվածներով։

Խաղակեսի վերջնամասն անցավ երկուստեք գրոհներով ու վտանգավոր պահերով։ 42-րդ րոպեին «Փյունիկը» հերթական գրոհը ձեռնարկեց աջ եզրով, սակայն մեր ֆուտբոլիստի փոխանցումից հետո հյուրերի պաշտպանը գնդակը հանեց դիմային գծից։ Առաջին կեսի հիմնական ժամանակի վերջին րոպեին հյուրերը կարող էին 2 անգամ գրավել դարպասը, սակայն հաջող խաղաց Դավիդ Յուրչենկոն։ Արդյունքում, թիմերն ընդմիջման գնացին առանց դարպասի գրավման։

Երկրորդ կեսն անցավ ավելի դիտարժան պայքարում։ Ընդհանուր առմամբ, երևանյան թիմն ուներ ավելի լավ տեսք։ Մեր թիմն ավելի ակտիվ սկսեց երկրորդ խաղակեսը, սկսեցին գերակշռել հեռահար փոխանցումները, որոնք բավականին սրեցին պայքարն առջևի գծում։

Հատկապես վտանգավոր էր գործում Մելիքյանի թիմի աջ եզրը։ Հյուրերը նույնպես վտանգավոր էին գրոհում։ 73-րդ րոպեին ռումինական թիմի ֆուտբոլիստի շրջադարձ հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Խաղի վերջնամասն անցավ հիմնականում հավասար պայքարում, սակայն թիմերին այդպես էլ չհաջողվեց գտնել մրցակցի դարպասի բանալին։ Այսպիսով, այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0,և դիմակայության ելքը կվճռվի պատասխան խաղում, որը կկայանա Ռումինիայում, հուլիսի 13-ին։

armsport.am

Back to top button