Նորություններ

«Ինչքա՞ն կարող ենք սպասել. 1,5 տարի՝ միայն դա ենք լսում, որ հնարավոր ամեն բան արվում է». Խծաբերդում գերեվարվածի մայր

Խծաբերդում գերեվարված տղաներից մեկի մայրն ասում է՝ մենք հո Նիկոլին չենք մեղադրում, բայց ինչքան կարող ենք սպասել. 1,5 տարի՝ միայն դա ենք լսում, որ հնարավոր ամեն բան արվում է ձեր տղաների վերադարձի համար:

«Հերթական անգամ մենք բողոքեցինք, բայց ոչ մի արդյունք էլ չեղավ… ասում են՝ բանակցում ենք, աշխատանքներ են ընթանում, բայց էդպես էլ վերջը չի երեւում: Էստեղ հյուպատոսի հետ հանդիպեցինք, Երեւանում պիտի հանդիպեինք Ռուսաստանի դեսպանի հետ, բայց ինչ դեսպան, ինչ բան, քոռուփոշման հետ դարձանք: Կառավարությունից մեկը եկավ մոտեցավ մեզ, անունն էլ չեմ հիշում, ըստ էության, հարցին լուծում չտրվեց: 3-4 ծնող Ռուբեն Ռուբինյանի հետ են հանդիպել, ասել է՝ աշխատում ենք էդ ուղղությամբ: Մենք հո Նիկոլին չենք մեղադրում, բայց ինչքան կարող ենք սպասել. 1,5տարի՝ միայն դա ենք լսում, որ հնարավոր ամեն բան արվում է ձեր տղաների վերադարձի համար»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Խծաբերդում գերեվարված տղաներից մեկի մայրը, ով չցանկացավ ներկայանալ:
Նրա կարծիքով՝ Ռուսաստանի համար այս հարցը վայրկյանների ընթացքում լուծվող հարց է, բայց չի արվում ոչինչ։
«Հումանիտար հարցը դարձրեցին քաղաքական, մեր երեխեքը հայրենիքն էին գնացել պաշտպանելու, իսկ մեր տղերքին տեռորիստ դարձրին, շինծու քրեական գործեր կարեցին, դատեցին: Ես մի քանի օր առաջ էլ եմ ասել, որ էս հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է:
Անընդհատ նույն բանն ենք լսում, բայց գործը տեղից չի շարժվում, իրենց պատասխանները մեզ չեն գոհացնում, բայց էլ չգիտենք՝ ում դիմենք, էլ դուռ չի մնացել, որ չթակենք»,- եզրափակեց Խծաբերդում գերեվարված շիրակցի տղաներից մեկի մայրը:

Back to top button