Նորություններ

«Մեր խմբակցությունում չկան մանդատները վայր դնելու տրամադրություններ». Գ.Նազարյան

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի խոսքով՝ իրենց խմբակցությունում չկան մանդատները վայր դնելու տրամադրություններ: Պատգամավորն ասում է, որ ինքը շարունակելու է իր գործունեությունը խորհրդարանում՝ այնքանով, որքանով դա կնպաստի երկրի նախ էս վիճակից դուրս բերմանը, զարգացմանն ու հզորացմանը:

«Արթուր Ղազինյանը ինքնուրույն որոշում է կայացրել, մեր խմբակցությունում չկան մանդատները վայր դնելու տրամադրություններ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Պատգամավորն ասում է, որ ինքը շարունակելու է իր գործունեությունը խորհրդարանում՝ այնքանով, որքանով դա կնպաստի երկրի զարգացմանն ու հզորացմանը:

«Իշխանությունը շախմատային լեզվով ասած՝ ցուգցվանգային վիճակում է, այսինքն՝ դա մի վիճակ է, երբ ինչ քայլ էլ անես, ի վնաս քեզ է լինելու: Վարչախմբի վերջին որոշմամբ, երբ  Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնանկ արեցին, հետևեց ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հանձնաժողովների նախագահների ու տեղակալների հրաժարականները: Դա ավելի խորացրեց քաղաքական ճգնաժամը երկրում:
Մենք ունենք գնալով խորացող քաղաքական ճգնաժամ, որը պահանջում է հանգուցալուծում: Ես անդադար կրկնել եմ և շարունակելու եմ կրկնել, որ այդ ճգնաժամի պատճառը Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում գտնվելն է:

Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում գտնվելը դուրս է բոլոր օրենքներից, որովհետև երկիրը քարուքանդ արած, երկիրը պարտության տարած, տարածքային կորուստների հասցրած, մարդկանց տներ սուգ ու ողբերգություն բերած մարդը չի կարող ղեկավարել, դա բերելու է նոր կորուստների և անդադար ճգնաժամերի, մենք մեզ խաբելով չպիտի ապրենք:

Եթե ընդհանրական ասենք, ժողովուրդը լրիվ հասկանում է՝ ինչ է կատարվում, ուղղակի ժողովուրդը չի հասկանում, թե ինքը ինչ պիտի անի:  Եվ այստեղ ժողովուրդը մեղավոր չէ, մեղավոր են քաղաքական ուժերը, մենք ենք մեղավոր, որ երևի լավ չենք կարողանում բացատրել: Ես երբեք ժողովրդին չեմ մեղադրում, որովհետև գուցե մի մարդու մոտ գիտելիքները չեն հերիքում, մյուսների մոտ գուցե ինֆորմացիայի աղբյուրն է քիչ կամ սխալ: Մարդկանց հետ պիտի ճիշտ աշխատենք, ճիշտ բացատրենք և չնեղանանք, որ մարդիկ գտնվում են խորը թյուրիմացության մեջ կամ խաբվածության վիճակում են: Մենք պիտի օգնենք այդ մարդկանց, որպեսզի տեսնեն իրականությունը»,- ընդգծեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

 

Անահիտ Չալիկյան

Back to top button