ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ամեն անգամ մի քանի քաղցր պատառ պոկել Արցախից, իսկ ինչո՞ւ չէ, հետագայում նաև Հայաստանից». Ա. Գասպարյան

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արշավիր Գասպարյանը, ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակում անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, կարծիք հայտնեց, որ Ռուբինյան-Քըլըչ հանդիպումները  գոհացնող չեն, որովհետև Թուրքիան և Ադրբեջանը, ըստ էության, ներկայացնում են անթաքույց պահանջներ, և այդ ամենը հանգեցնում է նրան, որ այդ բանակցություններն առայժմ անպտուղ են մնում:

«Թուրքիան և Ադրբեջանը հայտարարում են, որ Արցախի հարցը լուծված է, բայց Արցախի հարցը լուծված չէ, ըստ էության: Արցախյան հարցում Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ամեն անգամ մի քանի քաղցր պատառ պոկել Արցախից, իսկ ինչու չէ, հետագայում նաև Հայաստանից: Այստեղ մենք պետք է լինենք շատ զգույշ և զգոն՝ կարևորելով մեր ազգային կենսական շահերը, որովհետև մենք այս հարցում սխալվելու իրավունք չունենք: Մենք ապրում ենք շատ ծանր ժամանակաշրջանում, երբ պետք է համախմբել բոլոր ռեսուրսները և այդ ռեսուրսների հստակ  կիրառմամբ իրականացնել մեր ազգային նպատակները»,- շեշտեց Արշավիր Գասպարյանը:

Պատմական գիտությունների թեկնածուն, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք «խաղաղության պայմանագրի» մասին և իշխանականների այն պնդումների, թե «խաղաղության պայմանագրի» այլընտրանքը պատերազմն է, հայտարարեց.

«Ցավալին դա է, որ մեզ անընդհատ պատերազմով են վախեցնում, ցավոք, արցախյան երկրորդ պատերազմը ցույց տվեց, որ մենք պատրաստ չենք պատերազմի: Իմ կարծիքով՝ եթե մենք ձգտում ենք խաղաղության, ապա պետք է պատրաստ  լինենք պատերազմի: Ես դեմ չեմ խաղաղությանը, եթե դրա համար կան նախադրյալներ, ըստ էության, խաղաղությունը պետք է  լինի երկուստեք, և խաղաղության պետք է ձգտի նաև Ադրբեջանը: Ես չեմ տեսնում այն բարի կամքը, այն ազդակները, որ Ադրբեջանը պետք է ուղղի մեզ, այլ ընդհակառակը՝ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը և շարունակում է հավակնություններ ներկայացնել ՀՀ տարածքների նկատմամբ»,- նշեց Գասպարյանը:

Նրա կարծիքով՝ լիարժեք խաղաղության մասին խոսելը դեռ վաղ է, դրա համար պետք է իրականացնել համակողմանի աշխատանքներ բոլոր ոլորտներում՝ մոբիլիզացնելով եղած ռեսուրսները:

Back to top button