Նորություններ

«Էս պահի դրությամբ գյուղից գնացողներ չկան, մեզ վերջնական ժամկետներ չեն ասել». ի՞նչ իրավիճակ է Բերձորում

Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանի փոխանցմամբ՝ այս պահին բնակչությունը դեռևս քաղաքից դուրս գալու հատուկ տրամադրվածություն չունի։

«Արցախի նախագահի հայտարարությունից հետո Բերձորում մարդկանց տրամադրությունները չեն փոխվել, որովհետև նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո արդեն մեզ համար պարզ էր, թե ինչ է լինելու Բերձորի հետ: Այս մասով որևէ նորություն, որպես էդպիսին, չկար:

Դուք եթե նկատել եք, ապա Արայիկ Հարությունյանի հայտարարության մեջ ժամկետների մասին որևէ բան չկար: Մտածում ենք, որ նոր ճանապարհի կառուցման ավարտին են սպասում, չգիտեմ, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Այս պահին բնակչությունը դեռևս քաղաքից դուրս գալու հատուկ տրամադրվածություն չունի։ Միջանցքի փոխվելուց հետո մարդիկ, որպես այդպիսին, չեն մնալու բախտի քմահաճույքին։ Հայտարարությունը ենթադրում է, որ միջանցքը փոխվելուց հետո բնակչությունը Բերձորից դուրս կգա: Ես մտածում եմ, որ նոր ճանապարհի կառուցման ավարտին են սպասում, չգիտեմ, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը:

Նոյեմբերի 9-ից հետո սպասողական վիճակում են, գիտեին, որ մի օր էս օրը գալու է:

«Դեռ այստեղ ենք, չենք մտածում դուրս գալու մասին, բայց ես չեմ կարող ասել, թե ժամեր հետո ինչ կփոխվի:

Բերձորը պատերազմից հետո ոչ ամբողջությամբ է բնակեցվել, որովհետև բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծում չի տրվել: Բերձորը հնարավոր էր բնակեցնել, իսկ ինչո՞ւ ոչ, բայց հիմա էդ էն հարցը չէ, որ պետք է հիմա քննարկենք:

Նոր ճանապարհի ավարտից հետո ամեն ինչ շատ ավելի պարզ կլինի, էսպես չենք կարող նստել և ասել՝ ես չեմ լքի իմ տունը կամ ավելի ապահով տեղ չեմ գնա: Ամեն ինչ կախված է, թե իրավիճակն ինչպես կզարգանա:

Ես զարմանում եմ, որ ոնց հաշվի չի առնվել, որ Բերձորի հանձնումը նշանակում է կղզիացնել Արցախը, զրոյացնել Արցախի անվտանգությունը, որքան էլ դա երաշխավորեն այլք: Նոյեմբերի 9-ի համաձայնագրին են հղում անում, թե պիտի ճանապարհի կառուցումից հետո նախկին ԼՂԻՄ-ի տարածքից դուրս տարածքները վերադարձնեն Ադրբեջանին, ո՞վ է որոշում, թե որը ում տարածքն է»,- եզրափակեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button