Նորություններ

Բարձրորակ խոտը անցած տարվա ծղոտի գինն ունի. Շիրակի մարզում անձրևները փոխեցին վիճակը

Շիրակի մարզում խոտքաղը սկսվել է մոտ 15 օր ուշացած: Նույնքան ժամանակ էլ, ըստ գյուղոլորտի պատասխանատուների, գյուղատնտեսական տարին է ետ ընկել՝ գարնանային ցրտերի ու տևական անձրևների պատճառով: Մինչ ինտենսիվ տեղումները գյուղացին կանխատեսում էր, որ խոտը մասսա չի ունենա, քանակությունն էլ քիչ կլինի: Բայց վերջին մի քանի օրերի անձրևները փոխեցին վիճակը: Անջրդի տարածքներում խոտի քանակություն համարյա չկար, հիմա  Շիրակի մարզի գյուղացիները վիճակը գնահատում են լավ:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Կամո գյուղի բնակիչները նշեցին՝ նրանք, ովքեր ցանովի խոտհարքները ջրել են, գերազանց բերք են ստացել, իսկ նրանք, ովքեր չեն ջրել, խոտի քիչ քանակություն են ապահովել: 1 հա-ից մոտ 100-110 հակ խոտ է ստացվել չոռոգված տարածքներից, իսկ ոռոգված ցանքերում հեկտարից մինչև 200 հակ խոտ են հնձել: Այս տարվա խոտի քանակը նախորդ տարվա հետ չի համեմատվի, երբ տևական ժամանակ երաշտ էր, խոտի մասսան՝ շատ քիչ, ու 1 հա-ից 20 հակ խոտ էլ չէր ստացվում: Սա լուրջ հարված էր մարզի անասնապահությանը: Խոտը թանկացավ եւ անասնատերերը չկարողացան պահպանել եղած գլխաքանակը:

Կառնուտ գյուղի բնակիչ Հրաչյա Հարությունյանը հայտնեց, որ անցած տարի ինքը 300 հակ խոտ էր գնել, 1 հակը 1900 դրամով, ինչը չհերիքեց մինչեւ գարուն. 18 անասունից 10-ին ստիպված էր մորթել, որ մյուսներին կերակրի:

Անդրանիկ Պապոյանն էլ ավելացրեց, որ անցած տարի այս ժամանակահատվածում դաշտերում ընդհանրապես կանաչ չկար, չորային եղանակի պատճառով խոտը դաշտում գույնը փոխել էր, մոծիլ դարձել, իսկ այս տարի մինչև անձրևների գալը թեև խոտը նոսր էր, բայց անձրևային եղանակը փոխեց պատկերը: Կառնուտի դաշտերը, ըստ բնակիչների, չոր են, ամեն օր անձրև է պետք, որ խոտը նորմալ լինի:

Շիրակ գյուղի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանի փոխանցմամբ՝ խոտի վիճակը շատ լավ է, իմացել են, որ քանակով պայմանավորված՝ գինն էլ թանկ չէ՝ 1 հակի արժեքը 800 դրամից մինչև 1500 դրամ է: Նրա խոսքով՝ արոտներում, սարերում խոտն առատ է, հատկապես Ամասիայում, Աշոցքում: Ստացվում է՝ այս տարի բարձրորակ խոտի գինը անցած տարվա ծղոտի գնին է հավասար:

Նախորդ 2 տարիներին գյուղացին լուրջ խնդիրներ ունեցավ խոտի պակասի ու թանկ լինելու պատճառով: Սրա հետևանքն էր, որ շատերը անասնագլխաքանակը հարկադիր մորթի ենթարկեցին: Համլետ Ասատրյանի խոսքով՝ միայն անցած տարի Ախուրյան խոշորացված համայնքում 5000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է պակասել խոտ չլինելու պատճառով: Իսկ ամբողջ մարզի անասնագլխաքանակը, տարեսկզբի տվյալներով, նվազել է մոտ 25.000-ով: Հիմա Շիրակի մարզում անասնագլխաքանակը քիչ է, ըստ այդմ էլ՝ խոտի պահանջակը՝ նվազ:

Մարզի բարձրադիր հատվածներում խոտքաղը դեռ սկսված չէ: Որոշ տարածքներում տեղումները շատ էին, ինչով պայմանավորված, ըստ Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Ռոման Համայակյանի, քաղած խոտը չորացավ, թրջվեց ու որոշ չափով որակազրկվեց: Բայց ամեն դեպքում տարին բարենպաստ է խոտի համար: Գյուղացիներն էլ, հաշվի առնելով նախորդ տարվա չորային եղանակը, խոտի դեֆիցիտը, այս տարի խոտի ցանքատարածքներն ավելացրել են:

Կարինե Կազարովա  

 

Back to top button