Նորություններ

«Մի կարևոր հարց էլ կա. արդյո՞ք այդ նոր ճանապարհը ռուսական ուժերը կարողանալու են ամբողջովին վերահսկել». Ռ. Գալչյան

Քարտեզագրող Ռուբեն Գալչյանի խոսքով՝ նախքան նոր ճանապարհի տեղը որոշելը, Ադրբեջանի հետ ինչ-որ բան համաձայնեցնելը կարող էին լսել մասնագետների կարծիքը, որ մանևրելու հնարավորությունը բաց չթողնվեր և այդ գյուղերը մնային հայկական կողմին:

«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է, որ նոր ճանապարհ պիտի կառուցվի Արցախը Հայաստանին միացնող, և հին ճանապարհը պիտի հանձնվի Ադրբեջանին: Լաչինի շրջանն Ադրբեջանը յուրացրել էր 100 տարի առաջ՝ 20-30-ական թթ.-ին, որպեսզի Հայաստանն ու Արցախը իրարից հեռու լինեն: Տխրահռչակ հայտարարության համաձայն՝ Հայաստանը Ադրբեջանին պետք է հանձնի նախկին ԼՂԻՄ-ից դուրս մնացած տարածքները: Ինչ վերաբերում է Աղավնոյին, Սուսին, ապա Արցախի իշխանությունները Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցրել են, թե որտեղով պետք է անցնի Հայաստանը Արցախին կապող նոր ճանապարհը: Նախքան նոր ճանապարհի տեղը որոշելը, Ադրբեջանի հետ ինչ-որ բան համաձայնեցնելը կարող էին լսել մասնագետների կարծիքը, որ մանևրելու հնարավորությունը բաց չթողնվեր և այդ գյուղերը մնային հայկական կողմին:

Ստացվում է, որ Հայաստանը կորցնելու է Բերձոր քաղաքի, Աղավնոյի նկատմամբ վերահսկողությունը: Ինձ համար այս ամենը զարմանալի է, որովհետև նա, ով որոշել է, թե որտեղով պիտի անցնի նոր ճանապարհը, կամ չի հասկացել, որ Աղավնոն դուրս է մնում, կամ ինչ-որ պատճառներով որոշել է թողնել Ադրբեջանին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց քարտեզագրող Ռուբեն Գալչյանը:

Ռուբեն Գալչյան

Գալչյանի խոսքով՝ այն գյուղերը, որ պետք է լինեն նոր ճանապարհի վրա, ամբողջովին Հայաստանինն են:

«Նոր ճանապարհը ըստ հայտարարության պետք է հսկեն ռուսական ուժերը, և ռուս խաղաղապահները ինչքանով են կարողանում ապահովել Արցախի անվտանգությունը Փառուխի դեպքերից հետո՝ այնքան էլ պարզ չէ: Մի կարևոր հարց էլ կա. արդյո՞ք այդ նոր ճանապարհը ռուսական ուժերը կարողանալու են ամբողջովին վերահսկել, որպեսզի Ադրբեջանը ոտնձգություններ չանի: Սրանք այն հարցերն են, որ պիտի վստահենք մեր դաշնակից Ռուսաստանին, որովհետև Հայաստանը այդտեղ ներկայություն չունի:

Եթե ճանապարհի վերահսկողությունը ռուսական ուժերն են հանձն առել, էդ առումով չեմ կարծում, որ լուրջ խնդիրներ կլինեն:Այլ հարց է, որ այդ ճանապարհը անմարդաբնակ վայրերով է անցնում, բայց էդտեղ էլ ես խնդիր չեմ տեսնում, որովհետև դա միացնող ճանապարհ է»,- ընդգծեց Ռուբեն Գալչյանը:

Անդրադառնալով Արցախը Հայաստանին միացնող նոր ճանապարհի վերաբերյալ այն մտահոգություններին, որ Ադրբեջանը նպատակ ունի կտրել Հայաստանի հետ Արցախի կապը, փորձագետը հայտարարեց.

«Այսօրվա գոյություն ունեցող ճանապարհն էլ նույն վտանգի տակ է, եթե Ադրբեջանը ուզի փակել այդ ճանապարհը, ապա կփակի, և կարծում եմ, որ ռուսներն էլ ոչինչ չեն անի դրա դեմ: Այն մտահոգությունները, որ մարդիկ ունեն նոր ճանապարհի հետ կապված, հիմա էլ կան:

Ամբողջ խնդիրն այն է, որ մենք, այսպես ասած, նախկին ԼՂԻՄ-ից դուրս մնացած տարածքները Ադրբեջանին հանձնելով, կորցնելու ենք մեր ենթակառուցվածքները, իսկ Ադրբեջանը Լաչինը հետ է վերցնում, որովհետև Լաչինը կարևոր նշանակություն ունի»:

Անահիտ Չալիկյան

Back to top button