Նորություններ

«Հայաստանի և Արցախի քաղաքացիների մի մասը հայտնվել է ծուղակում, մի մասն էլ գիտակցաբար է գնացել այդ քայլին». Տ. Աբրահամյանը՝ դավաճանության դեպքերի մասին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ Հայաստանի և Արցախի քաղաքացիների մի մասը հայտնվել է ծուղակում, մի մասն էլ գիտակցաբար է գնացել այդ քայլին, բայց այս ամենը նաև հետևանք է այն բանի, որ 2018թ.-ին այս իշխանությունը Զինված ուժերում հեռախոսների կիրառումը դարձրեց օրենքով սահմանված կարգով, որը մինչ այդ չէր թույլատրվում:

«Նախ և առաջ այս պահին չէի ցանկանա մի կողմ դնել անմեղության կանխավարկածը և շտապել գնահատականներ տալ: Մի կողմից  մենք ունենք իրավիճակ, երբ համապատասխան կառույցները ցույց  են տալիս, որ կանխել են կամ որոշակի փուլում խաղից հանել են պոտենցիալ այն բոլոր քաղաքացիներին, ովքեր կարող էին համագործակցել Ադրբեջանի հետ, իսկ մյուս կողմից էլ ունենք խայտառակ իրավիճակ նմանատիպ մեծ թվով դեպքերի հետ կապված, որը ինքնին ցույց է տալիս պետական կառավարման համակարգում առկա ծանր իրավիճակը: Անվերահսկելի իրավիճակ է ինչպես կադրերի ընտրության, այնպես էլ նրանց հիմնական գործառույթների վերահսկման առումով»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր  Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով պետական դավաճանության դեպքերի բացահայտումներին:

Տիգրան Աբրահամյան

Ըստ Աբրահամյանի՝ մյուս կարևոր հանգամանքն այն է, որ հիմնական հավաքագրումները կամ արտահայտված համագործակցությունը տեղի է ունեցել սմարթֆոնների միջոցով:

«Հայաստանի և Արցախի քաղաքացիների մի մասը, որքան հասկանում եմ, հայտնվել է ծուղակում, մի մասն էլ գիտակցաբար է գնացել այդ քայլին, բայց այս ամենը նաև հետևանք է այն բանի, որ 2018թ.-ին այս իշխանությունը  կառավարման ղեկին գալուց հետո որպես ժողովրդի համար ականջահաճո քայլ Զինված ուժերում հեռախոսների կիրառումը դարձրեց օրենքով սահմանված կարգով, որը մինչ այդ չէր թույլատրվում:

Անվերահսկելի իրավիճակ ստեղծվեց հեռախոսի օգտագործման մասով, համապատասխան կառույցները տեղերում անհրաժեշտ վերահսկողություն չեն իրականացրել: Չորս տարիների ընթացքում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, որն էլ, ըստ էության, բերել է այս իրավիճակին: Ակնհայտ է, որ նաև ներսում ներքին իրազեկման աշխատանքներ չեն իրականացվում, որովհետև պաշտոնական տեղեկություններից նաև ակնհայտ է դառնում, որ քաղաքացիների մի մասն ուղղակի հայտնվել է ծուղակում, որովհետև պատշաճ հրահանգավորում և իրազեկում չի իրականացվել: Այս պայմաններում մեր քաղաքացիները՝ ինչպես զինված ուժերում ծառայող, այնպես  էլ առհասարակ Հայաստանի և Արցախի քաղաքացիները, թշնամու համար հեշտ թիրախ են դառնում:

Սա նշանակում է, որ կոնկրետ կառույցները, կոնկրետ պաշտոնատար անձինք տեղում չեն, որը նաև կառավարման համակարգում ստեղծված վիճակի մասին է խոսում, որի պայմաններում նույնիսկ համապատասխան կառույցները պատշաճ վերահսկողության կամ կանխարգելման ամբողջ ծավալով միջոցառումներ իրականացնելու հնարավորություն չեն ստանում: Հայաստանում կան կառույցներ և այդ կառույցներում ընդգրկված ստորաբաժանումներ, որոնք կանխարգելման աշխատանքների պատասխանատու են, եթե նույնիսկ  դա հնարավոր չի լինում անել, ապա գոնե հանցագործությունները հետագայում բացահայտելու համար»,- ընդգծեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել է գործակալական ցանցի մասին: Նա նշել է, որ դավաճանական ցանց է գործում Արցախում:

Անահիտ Չալիկյան

Back to top button