Նորություններ

Բնակարանային գողություններ կատարած տղամարդիկ կալանավորվել են

Հունիսի 22-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գավառի Միքայելյան փողոցի մի առանձնատնից գողություն են արել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել էին, որ օգտվելով տանտերերի բացակայությունից՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել են նկուղային հարկի ճաղավանդակը և գողացել ջեռուցման մարտկոցներ:

Բացահայտման ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկվում, երբ հունիսի 23-ին Գավառ քաղաքի Ազատության փողոցից բնակարանային գողության վերաբերյալ ահազանգ ստացվեց: Հարմարեցված գործիքով բացել էին տներից մեկի պատուհանը, գողացել ջրատաքացուցիչ, լվացքի մեքենա, ջրի պոմպ և 500 լ տարողությամբ ջրի տարա:

Ձեռագիրը նույնն էր: Թիրախում չբնակեցվող տներն էին։ Առաջ քաշվեցին և ստուգվեցին տարբեր վարկածներ: Ստացված տեղեկությունների և փաստերի համադրությունը հուշում էր, որ բնակարանային գողությունները հնարավոր է կատարած լինեն Գավառ քաղաքի երկու բնակիչ: 39 և 22 տարեկան տղամարդիկ հայտնաբերվեցին և բերման ենթարկվեցին բաժին:

Հետագա միջոցառումներով իրավապահները պարզեցին նաև, որ նրանք նույն եղանակով Միքայելյան փողոցի մի առանձնատնից ջրատաքացուցիչ ու ջրամղիչ պոմպ էին գողացել: Այս հանցադրվագն ուշագրավ էր նրանով, որ տուժողը բնակարանագողերից մեկի զարմիկն էր: Պոմպը նվիրել էին ծանոթներից մեկին, իսկ ջրատաքացուցիչը վաճառել էին:

Վերջին երկու առանձնատներից հափշտակված գողոնը հայտնաբերվել է:
Տղամարդիկ կալանավորվել են:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button