Նորություններ

Արտակարգ դեպք «Արարատ» բժշկական կենտրոնում. տղամարդը դանակը ձեռքին մտել է հիվանդանոց, հայհոյանքներ հնչեցրել՝ սպառնալով բժշկին սպանել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այդ օրը՝ ժամը 22:40-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արարատ» բժշկական կենտրոնի ընդունարանում ժամը 22:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 63-ամյա Գեղամ Կ.-ն դանակը ձեռքին մտել է ընդունարան և հերթափոխային բուժքրոջ ներկայությամբ սպառնալիքներ հնչեցրել, հայտարարելով ՝ ու՞ր է բժիշկ Համարչյանը, որ նրան սպանելու է, ապա անհասցե  հայհոյանքներ է հնչեցրել և մոտ կես ժամ խանգարել հիվանդանոցի բնականոն աշխատանքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենից հետո Գեղամ Կ.-ն դուրս է եկել հիվանդանոցի բակ, կոտրել գարեջրի շիշը և վնասել իր ձախ նախաբազուկը:

Հիվանդանոց ժամանած ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը վնասազերծել է Գեղամ Կ.-ին, տեղափոխել ոստիկանության Արարատի բաժանմունք և որոշ ժամանակ անց նրան բաց են թողել:

Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button