ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Վասակը չի լսել ընկերների հորդորը, որ դիպուկահարի նշանառության տակ է. վազել է վիրավոր հրամանատարին օգնության»

«Վասակը վազել է վիրավոր հրամանատարին օգնության՝ ասելով՝ ես երդվել եմ մինչև վերջին շունչս լինել հրամանատարիս թիկունքին...»

Երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը, Վասակ Գասպարյանի զորացրվելուն մնացել էր 86 օր: 2019թ.-ին էր զորակոչվել բանակ, ծառայել է հատուկ նշանակության զորքերում: Պատերազմի առաջին իսկ օրից կռվել է, պահել իրեն վստահված դիրքերը: Կռվել է Քարվաճառում, Ջրականում, Հադրութում, Սանասարում: Վասակի հերոսական ուղին ավարտվել է Սարատակում: Ժամկետային զինծառայողը զոհվել է հրամանատարի մարմինը մարտի դաշտից դուրս բերելու ժամանակ:

Արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայողի մայրը՝ Ալինա Գևորգյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է.

«Վասակն իմ միակ զավակն էր, շատ սպասված ու շատ սիրված զավակը, Վասակիս ծնունդը՝ սեպտեմբերի 9-ը, մեզ համար տոն էր… Դեռ փոքր տարիքից առանձնահատուկ հետաքրքրություն ուներ զինվորական ամեն բանի նկատմամբ: Շատ էր սիրում հայրենիքը և իր կյանքի գնով ցույց տվեց իր սերը:

Որդիս հետախույզ էր, պատերազմի օրերին 3-4 օրը մեկ էր զանգում, շատ հանգիստ էր խոսում, էնքան հանգիստ, որ չէինք մտածում, որ պատերազմի մեջ է: Վասակս ոչնչից  չէր վախենում. հայտնվել էր պատերազմի ամենաթեժ տեղերում, ամենաանհավանական թվացող իրավիճակներում։ Կարողացել է աննկատ թափանցել թշնամու թիկունք և գերազանց կատարել առաջադրանքը: Մենք էս ամենը պատերազմից հետո ենք իմանում: Վասակս միշտ առաջնորդել է բոլոր մարտերը և կրկնել՝ տղե՛րք, նահանջել չկա։

Անգամ շրջափակման ժամանակ բացառիկ խիզախություն է ցուցաբերել. ոչնչացրել է թշնամու մեծաթիվ կենդանի ուժ»։

«Հոկտեմբերի 10-ին Հադրութի «Թութակներ» (Շիշդաղ) կոչվող բարձունքի հետ գրավման ժամանակ մերձամարտի պայմաններում հակառակորդին պատճառել է զգալի կորուստներ և առգրավել կապի միջոցներ, կարևոր փաստաթղթեր և զենքեր։ Հոկտեմբերի 16-ից 20-ը մասնակցել է Իշխանաձորի, Տիգրանավանի, Ուռեկանի և Սարատակի պաշտպանական մարտերին։ Ասում էր՝ այ մամ ջան, սրանք կռվել չգիտեն, ոչխարի նման առաջ են գալիս: Վասակս հավատում էր, որ մենք հաղթելու ենք, ասում էր՝ մամ ջան, ամեն ինչ լավ է լինելու:

Իմ տղան երեք անգամ վիրավորվել է, բայց շարունակել է կռիվը, հոկտեմբերի 20-ին Սարատակում գրոհի ժամանակ, ստանալով վիրավորում, չի լքել մարտի դաշտը, զոհվել է հրամանատարին մարտի դաշտից դուրս բերելու ժամանակ: Չի լսել զինակից ընկերների հորդորը, որ դիպուկահարի նշանառության տակ է. վազել է վիրավոր հրամանատարին օգնության՝ ասելով՝ ես երդվել եմ մինչև վերջին շունչս լինել հրամանատարիս թիկունքին:

Ծառայության մեջ էլ է մշտապես աչքի ընկել. պարգևատրվել է «ՀՀ  լավագույն զինվոր-մարզիկ», «ՀՀ քաջարի մարտիկ», «ՀՀ բանակի գերազանցիկ» կրծքանշաններով»,- պատմում է հերոսի մայրը:

Վասակ Ատոմի Գասպարյանը ծնվել է 2000թ.-ի սեպտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն համայնքում։ Ծառայել է հատուկ նշանակության 1-ին խմբում որպես հետախույզ:

Անահիտ Չալիկյան

Back to top button