Նորություններ

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների հնգյակը, ովքեր հասցրել են բնակարան, հողամաս և մեքենա ձեռք բերել… (շարունակելի)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Վաչիկի Հակոբյան

Նիկոլ Փաշինյանի աներորդին պատգամավոր դարձավ 2018 թվականին: Ներկայացված առաջին՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է երկու բնակարան, մեկ հողամաս և երկու մեքենա՝ BMW X5 և ISUZU AXIOM:

Հրաչյա Հակոբյան

Արդեն 2018 թվականի վերջում նա վաճառելով վերոհիշյալ մեքենաները՝ գնել է HYUNDAI ավտոմեքենա:

2021 թվականի տարեկան հայտարարագրում Հրաչյա Հակոբյանի գույքն ավելացել է: 2020 թվականին նա դարձել է միանձնյա սեփականատեր Ձորաղբյուրում գտնվող անհատական բնակելի տան (հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով):

 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Աշոտի Եղոյան

Արման Եղոյան

Այս պատգամավորի՝ 2019 թվականի ներկայացրած հայտարարագիրը բավականին «աղքատիկ» է:

2019 թվականին նա չուներ անշարժ և շարժական գույք:

2020 թվականի հայտարարագրի համաձայն՝ Արման Եղոյանը դարձել է Դիլիջանում երկու հողամասերի միանձնյա սեփականատեր:

Իսկ ահա 2021 թվականին Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղամասում բաժնային սեփականության իրավունքով ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում և ավտոտնակ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Արսենի Կոնջորյան

Հայկ Կոնջորյան

Հայկ Կոնջորյանը, ով պատգամավոր է 2018 թվականից, առաջին անգամ «կիսադատարկ» հայտարարագիր է ներկայացրել: Պաշտոնը ստանձնելիս անշարժ գույք չուներ Կոնջորյանը: Ուներ մեկ մեքենա՝ VOLKSWAGEN GOLF 2.0:

2018թ.-ի տարեկան հայտարարագրում պատկերն այլ է.

2018-ին 22.480.000 մլն դրամով ձեռք է բերել բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում:

2019 թվականին կուսակցությունը փոխած երեսփոխանը 3.200.000 դրամով ձեռք է բերել HYUNDAI ELANTRA 1.8 ավտոմեքենա:

2021 թվականի ապրիլի 28-ին այս պատգամավորը դարձել է նաև Ձորաղբյուրում գտնվող ամառանոցի (այգեգործական զանգվածում հողամասի վրա կառուցված ամառանոցային շինություն) միանձնյա սեփականատեր:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Արմենի Գաբրիելյան

Սիսակ Գաբրիելյան

2019 թվականին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակով պատգամավոր դարձած Սիսակ Գաբրիելյանը 2019 թվականի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է համատեղ սեփականությամբ մեկ բնակարան և HYUNDAI ELANTRA մեքենա:

2021 թվականի հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 23-ին Սիսակ Գաբրիելյանը 7մլն. 800 հազար դրամով Գյումրիում ձեռք է բերել անհատական բնակելի տուն: Այս գնումից ընդամենը 2 օր անց՝ 2021 թվականի սեպտեմբերի 25-ին, Սիսակ Գաբրիելյանի կինը՝ Անի Բաղդասարյանը ևս Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում ձեռք է բերել ամառանոց՝ 4 մլն. 800 հազար դրամով:

Ընտանիքը ստացել է բնակարանի ձեռք բերման հիփոթեքային վարկ:

Նույն տարում՝ 2021թ., ընտանիքը թարմացրել է նաև ավտոմեքենան: 2014 թվականին թողարկված HYUNDAI մեքենային փոխարինելու է եկել 2018 թվականի արտադրության HYUNDAI-ն: Գնումը տեղի է ունեցել 2021 թվականի հուլիսին, մեքենան արժեցել է 6 մլն 500 հազար դրամ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Գևորգի Թորոսյան

Արսեն Թորոսյան

2018 թվականին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը ստանձնած Արսեն Թորոսյանի առաջին հայտարարագրի համաձայն՝ նա ուներ անհատական բնակելի տուն և երկու մեքենա՝ BMW 528, BMW X5:

2021թ. հունվար-հուլիս ամիսներին նա զբաղեցրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր դարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021 թվականի տարեկան հայտարարագիրը բավականին ընդգրկուն է դարձել:

2020 թվականին Արսեն Թորոսյանը դարձել է Ծաղկաձորում գտնվող հողամասի միանձնյա սեփականատեր:

2021 թվականի հոկտեմբերին 3 հողամաս է գնել Արագածոտնի մարզի Փարպի և Կոտայքի մարզի Քարաշամբ համայնքներում: Եվս մեկ հողամաս Քարաշամբում գնել է նույն թվականի նոյեմբեր ամսին:

Չորս հողամասերի միանձնյա սեփականատերն է:

Շարունակելի…

Արմենուհի Վարդանյան

Back to top button