Նորություններ

«Բնակչությունը շարունակում է ապրել Բերձորում՝ առանց ճամպրուկային և խուճապային տրամադրությունների». Բերձորի քաղաքապետ

«Հիմա Բերձորում նույն իրավիճակն է, ինչ մեկ ամիս կամ երկու ամիս առաջ էր: Ադրբեջանը ճանապարհ է կառուցում, բայց բնակչությունը շարունակում է ապրել Բերձորում՝ առանց ճամպրուկային և խուճապային տրամադրությունների։ Ինչ վերաբերում է ժողովրդին տարհանելուն, ապա որևէ պաշտոնական հրաման չկա: Մարդիկ իրենց սովորական առօրյայով ապրում են, էստեղ ամեն մարդ գիտի իր անելիքը:

Ես իսկապես եմ ասում, խուճապ չկա, մարդիկ շատ երկար են պատրաստվում ապրել Բերձորում: Մենք չենք կարող ասել, թե հետո ինչ կլինի: Կառուցվում է Արցախը ՀՀ-ին կապող այլընտրանքային ճանապարհ, բայց երբ տեսնում ես, թե ադրբեջանցիներն ինչ ինտենսիվությամբ են կառուցում այդ ճանապարհը, մտածում ես՝ շատ հավանական է, որ այդ այլընտրանքային միջանցքը տեղափոխվի այնտեղ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց Քաշաթաղի շրջանի Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ խոսվել է այլընտրանքային միջանցքի մասին, բայց թե ինչ է լինելու, ինչ վերահսկողություն է իրականացվելու այլընտրանքային միջանցքի նկատմամբ, հստակ չէ:

«Իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, որ Բերձորի բնակիչներին առաջարկել են տեղափոխվել Հին Շեն, Նոր Շեն, Արցախի կամ Հայաստանի մեկ այլ բնակավայր: Մենք նման առաջարկ չենք ստացել, ոչ էլ ինչ-որ բան է արվում այդ ուղղությամբ:

Իմ աչքին էլ տեղեկություններ ընկան, որ իբր մինչև հուլիսի 1-ն է ժամկետը, վաղը չէ մյուս օրը հուլիսի 1-ն է, բայց մենք այստեղ ենք, և այնպես չէ, որ վաղը-մյուս օրը պատրաստվում ենք գնալ:

Մենք բազմաթիվ մտահոգություններ ունենք. նույն Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի հետ կապված, այլընտրանքային միջանցքի հետ կապված:

Մենք չգիտենք նույն այդ ճանապարհը, միջանցքը ինչքանով անվտանգ կլինի, և եթե պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, ապա որքանո՞վ լիարժեք կիրականացվի այդ վերահսկողությունը»,- ընդգծեց Բերձորի քաղաքապետը:

Նարեկ Ալեքսանյանի փոխանցմամբ՝ Բերձորն այս պահին բնակեցված է ոչ լիարժեք, 2020թ.-ի նոյեմբերի 9-ից հետո գազ չկա, կան բազմաթիվ չլուծված հարցեր:

«Նախքան պատերազմը մենք բնակեցվածության մասով խնդիր չենք ունեցել, մարդիկ հիմա երաշխիքներ են ուզում, որ գան մշտական բնակվելու, բայց կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր առանց վարանելու հետ են վերադարձել»,- եզրափակեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button