ՆորություններՏնտեսական

Արտարժույթի շուկայում տեղի ունեցող տատանումներն ինչ հետևանքներ կունենան

«Եթե դոլարի գինն ընկել է, ապա դրա տնտեսագիտական բացատրությունն այն է, որ դոլարի առաջարկն ավելի մեծ է, քան պահանջարկը, և սա ունի իր հիմնավորումը. մենք դոլարը դուրս ենք հանում ցորենի, նավթամթերքի, գազի ներկրման համար: Ցորենը, նավթամթերքը, գազը հիմնականում ներկրում էինք Ռուսաստանից, բայց կապված Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաներից՝ ՌԴ-ն դոլարային հոսքեր չի կարող ընդունել, վճարումը ընդունում է ռուբլով, և էդ առումով դոլարի պահանջարկը քչացել է: Մյուս կարևոր հանգամանքն էլ այն է, որ մարդիկ, վախենալով սանկցիաներից, իրենց արտարժույթը, ակտիվները տեղափոխում են Հայաստան: Այսինքն՝ ոչ միայն արտահոսքն է քչացել, այլև ներհոսքն է մեծացել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Շիրակի պետական համալսարանի կառավարման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արթուր Մկրտչյանը:

Արթուր Մկրտչյան

Մկրտչյանի դիտարկմամբ՝ ԿԲ-ն վարում է այնպիսի քաղաքականություն, որով ֆիզիկական անձանց դոլարի վաճառքը խիստ սահմանափակել է, և եթե ֆիզիկական անձանց դոլար չեն վաճառում, ապա դոլարի պաշարը մնում է, բայց էս ամենի մեջ  մի բացասական պահ կա՝ սպեկուլյացիան:

«Սպեկուլյատիվ երևույթների մեջ ակտիվ ներգրավված են օլիգարխիան, դրա մեջ կարելի է կասկածել նաև պետությանը: Եթե մենք ապրանքը ներկրում ենք դոլարով, և դոլարը էժանացել է, բնականաբար ներկրած ապրանքի գինը պետք է իջեցնենք, բայց մենք տեսնում ենք ճիշտ հակառակը: Դոլարն էժանացել է, բայց մեզ մոտ ներկրվող ապրանքները շարունակում են թանկանալ:

Մենք տեսնում ենք, որ այսօր թանկացել են նավթն ու բենզինը, այն պարագայում, երբ համաշխարհային շուկայում ռուսական նավթը, գազը, բենզինը սպառում չունենալու, սանկցիաների պատճառով էժանանում են:

Մեզ մոտ 1 լիտր բենզինի արժեքը 540 դրամ է, որը փոխարժեքով ստացվում է 1 դոլար 30-40 ցենտ: Սա Եվրոպայի և Ամերիկայի գին է, որը մեր երկրի համար իրատեսական չէ, և սա խոսում է սպեկուլյացիայի մասին: Պետությունը կամ ներգրավված է այս սպեկուլյացիայի մեջ, կամ մատը մատին չի տալիս:

Նույն սպեկուլյացիոն երևույթները երևում են ցորենի պարագայում, դիզվառելիք, պարարտանյութի, որը ուղիղ ազդում է գյուղմթերքի գների վրա: Դիզվառելիքը ռուբլով բերում են շատ էժան, բայց գյուղացիներին վաճառում են շատ թանկ: Պարարտանյութի դեպքում, համեմատած նախորդ տարիների հետ, նկատվում է՝ 30-40 տոկոս գնաճ  է տեղի ունեցել»,- ընդգծեց Արթուր Մկրտչյանը:

Անդրադառնալով արտարժույթի շուկայի տատանումների թողած ազդեցությանը, նա նշեց.

«Անգլիայի վարչապետը ասում էր՝ մի երկրում ապրում են երկու տարբեր ազգեր՝ հարուստներ և աղքատներ. հիմա Հայաստանում այդ նույն վիճակն է: Եթե նայում ենք հարուստների մասով, ապա նրանք էժան դոլար են ձեռք բերում և կրկնակի հարստանում են, իսկ միջին և միջինից ցածր հատվածը աղքատանում է: Մեր ազգը նմանատիպ երևույթներին քվեարկում է ոտքով, այսինքն՝ արտագաղթում է:

Մյուս ազդեցությունն այն է, որ բարձր ազգային արժույթը վնաս է հասցնում արտահանմանը, օրինակ՝ եթե կոնյակը 10.000 դրամ է, և դոլարի փոխարժեքը 500 դրամ է, ապա  կոնյակի  գինը գալիս է 20 դոլար, իսկ եթե դոլարի փոխարժեքը 400 է, ապա 10.000 դրամանոց կոնյակը դառնում է 25 դոլար: Այսինքն՝ այդ տատանումների հաշվին ավտոմատ կերպով ապրանքը թանկանում է, որն  ուղղակի հարվածում է կոնյակի մրցունակությանը: Ես խոսում եմ այն մասին, եթե մեր արտահանումը ոչ թե Ռուսաստան է, այլ, օրինակ, արևմտյան շուկա: Եթե ՌԴ ենք արտահանում, էս իմ ասած բանաձևը չի աշխատում, որովհետև այնտեղ էս պահով  ոչ մի տնտեսական օրենք չի  աշխատում: Ռուսաստանի շուկան այս պահին աղքատ է, չկա եվրոպական կոնյակը, եվրոպական մթերքները, և եթե մենք ունենք համարժեք պրոդուկտ և արտահանենք, ապա էնտեղ կկարողանանք վաճառել:

Եթե մենք ներկրում ենք էժան դոլարով, ապա էստեղ ներկրողը կրկնակի շահույթ է ստանում»,- ընդգծեց տնտեսագետը:

Մկրտչյանի խոսքով՝ Հայաստանը դեռևս չի հաղթահարել պատերազմի թողած բացասական հետևանքները, արտարժույթի այս տատանումները տնտեսության վրա հետևանքներ են թողնելու:

«Մենք ունենք 60.000-ից ավելի ներգաղթյալներ Արցախից եկած, այդ մարդկանց խնդիրները  լուծված չեն: Արցախի տարածքների կորստով  մենք կորցրել ենք  գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, որոնք մշակում էինք և պարենային անվտանգությունն ապահովում:

Հայաստանում տնտեսությունը 1-2 ճյուղով չպետք է զարգացնել, որովհետև Հայաստանը Բելգիա չէ, Հոլանդիա չէ. մեր հարևանները մեր հանդեպ թշնամաբար են տրամադրված: Մենք ուզենք, թե չուզենք, մեր  տնտեսությունը  պետք է լինի բազմապրոֆիլ, դիֆերենցված. դա աշխարհաքաղաքական վիճակի հրամայականն է:

Մենք պետք է ունենանք լուրջ գյուղատնտեսություն, լուրջ ռազմարդյունաբերություն, եթե մենք միշտ պատերազմի վտանգի տակ ենք, ոնց ռազմարդյունաբերություն չունենանք: Պետք է ունենանք ռոբոտաշինություն, որովհետև սա այսօր տնտեսության և նաև ռազմարդյունաբերության լոկոմոտիվն է: Պետք է  ունենանք անօդաչու սարքերի արտադրություն և մենք պարտադրված ենք այս ամենն ունենալ»,- եզրափակեց Արթուր Մկրտչյանը:

 

Անահիտ Չալիկյան

Back to top button