ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Գիշերը երազ էի տեսել… արթնացա ու զանգեցի հայրիկիս, չպատասխանեց». հերոս կամավորականի դստեր պատմությունը

Խաժակ Գրիգորյանն իր մարտական մկրտությունը ստացել է Առաջին արցախյան պատերազմի ժամանակ։ 15 տարի ծառայել է զինված ուժերում։ Մասնակցել է նաև Արցախյան 44-օրյա պատերազմին, մարտնչել այն վայրերում, որոնք ազատագրել էին Առաջին արցախյան պատերազմի ժամանակ։

Դուստրը՝ Սյուզին, ասում է՝ հայրիկիս կյանքը Քարվաճառում սկսվեց և այնտեղ էլ ավարտվեց։

«Հայրս 2013թ.-ից որոշեց թողնել զինվորական գործը և մեկնեց արտագնա աշխատանքի, բայց 2020 թ.-ի համավարակի պատճառով չկարողացավ գնալ։ Սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Հայրս Առաջին արցախյան պատերազմին էլ է մասնակցել, տեղը չէր գտնում։ Առաջին կամավորական ջոկատի հետ մեկնեց Արցախ, սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 9-ը անձնուրաց պայքար մղեց թշնամու բանակի դեմ։ Հայրս երբեք իր ծառայությունից չէր պատմում, մենք իր ընկերներից ենք շատ պատմություններ լսում։ Հայրս 1993-1994 թթ. մասնակցել է Օմարի լեռնանցքի ազատագրմանը, բացի այդ, 13 տարի նվիրյալ կերպով ծառայել է հայրենիքին (թերևս իր համար ամենաթանկ բանն այս աշխարհում)։ Իմ խոսքերի հավաստիությունը կարող է փաստել յուրաքանչյուր ոք, ով գոնե մեկ օր հորս հետ նույն դիրքում է եղել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Խաժակ Գրիգորյանի դուստրը՝ Սյուզի Գրիգորյանը։

ՀՕՊ հրամանատար, ավագ սերժանտ Խաժակ Գրիգորյանը ծնվել է 1973թ. մարտի 20-ին Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում։ 1991թ. հունիսին զորակոչվել է բանակ, 1993թ. հուլիսից ժամկետային զինծառայող Խաժակը գումարտակի անձնակազմի հետ մասնակցել է Օմարի բարձունքի մարտական գործողություններին, իսկ 1994թ. փետրվարի 12-18 մասնակցել է Քարվաճառում մղվող մարտերին։ 1994թ. մայիսի 9-ից մասնակցել է Թալիշի ինքնապաշտպանությանը, ապա Օմարում մարտի 16-18-ի հայտնի եռօրյա ճակատամարտին:

Մինչև 1994թ. դեկտեմբեր մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանական մարտերին։ 1998-ից մինչև 2013թ.-ը ծառայել է ՀՀ զինված ուժերում։

«Հայրս իսկական զինվորական էր, մինչև վերջին շունչը հավատարիմ մնաց իր երդմանը, ես ուրիշ ձևով չէի էլ պատկերացնում։

Վերջին օրերին հացը գրպանում հասցրել է հարակից դիրքերում կռվող տղաներին, ովքեր 4 օր ճանապարհների ռմբակոծման պատճառով առանց հաց են մնացել, ծառայակիցներից յուրաքանչյուրի կյանքը գոնե մեկ անգամ հասցրել է փրկել, իր հզոր, անվախ կամքի շնորհիվ մի քանի դիրք առաջ է տարել, վերջինի ժամանակ ասել է՝ էս մի դիրքն էլ գրավում ենք, թողնում եմ ձեզ, իջնում եմ, էլի կգամ»,- շարունակում է Սյուզին։

Սյուզի Գրիգորյանը պատմում է, որ պատերազմի օրերին եղբայրը նույնպես առաջնագծում էր։

Հայրիկի հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 8-ին:

«Հոկտեմբերի 8-ի գիշերը ես երազ էի տեսել… արթնացա ու զանգեցի հայրիկիս, չպատասխանեց։

Հաջորդ օրը մի Սրբից մյուսն էի վազում ու աղոթում, բայց հայրս այդպես էլ չզանգեց…

Հոկտեմբերի 10-ի առավոտյան դեպքի մասին իմացանք… Պապաս մեզ հայրենասեր է դաստիարակել, հայրիկը երկրի և երկնքի մեջտեղ որոշում է կայացրել, դա կասկածից վեր է»,-եզրափակեց Արցախյան պատերազմում զոհված Խաժակ Գրիգորյանի դուստրը՝ Սյուզի Գրիգորյանը։

Անահիտ Չալիկյան

Back to top button