ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Որդուս ոտքից 5 կգ ասկոլկա են հանել, ու ոտքը էդքան ծանր՝ հասել է ՀՀ սահման. պատահաբար են նկատել՝ ուժասպառ ընկած»

Բռնցքամարտիկ Դավիթ Ղազարյանը մարզաշխարհի հետ կապված մեծ հեռանկարներ ուներ: Մարզական կազմվածքով թիկնեղ դյուցազունը ապագայում նաև մտադիր էր զբաղվել մարտեր առանց կանոնների մարզաձևով: Բայց երազանքն անկատար մնաց, 44-օրյա պատերազմը ընդհատեց տղայի կյանքը 21 տարեկանում:

Դավիթ Ղազարյանի մայրը՝ Ալվարդ Քեշիշյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է, որ որդին Շիրակի պետական համալսարանի ֆիզիկական դաստիարակության բաժնի 2-րդ կուրսի ուսանող էր, երբ զորակոչվեց բանակ: Շիրակի մարզի Բասեն գյուղի բնակիչ Դավիթ Ղազարյանի պարտադիր զինվորական ծառայությունն անցել է Նոյեմբերյանի զորամասում, տանկիստ է եղել, ջոկի հրամանատար:

Նրա զորացրվելուց հետո քովիդի համաճարակը սկսվեց, ու քանի որ դասերը հեռավար էին, Դավիթը նաև աշխատում էր շինարարությունում: Մայրը հիշում է, որ պատերազմից 1 թե 2 ամիս առաջ որդուն զանգել էին զինկոմիսարիատից, ասել, որ փաստաթուղթ կա ստորագրելու: Ըստ Ալվարդ Քեշիշյանի, փաստաթղթում ասվում էր՝ եթե պատերազմ լինի, առաջինը Դավիթը պետք է գնա: Ասում է՝ այն ժամանակ ինքը ի՞նչ իմանար, թե ինչ է լինելու: Մայրը կարծում է, որ այդ փաստաթղթով որդուն պարտավորեցրել են, որ պատերազմին մասնակցի: Ասում է՝ երբ պատերազմը սկսվեց, որդին զինկոմից ծանուցագիր ստացավ: Ընդ որում, մոր խոսքով, որդու զորացրված համադասարանցիներից և ոչ մեկին ծանուցագիր չէր եկել:

Դավիթը մեկնեց ռազմաճակատ այն ժամանակ, երբ նրա զորացրման 1 տարին չէր լրացել, ու կրտսեր եղբայրը, ով այդ ժամանակ ժամկետային զինծառայող էր, արդեն առաջնագծում էր՝ «Եղնիկներ» կոչվող զորամասի իր ծառայակիցների հետ:

Ալվարդ Քեշիշյանի խոսքով՝ Դավիթը 3 օր Գուսաննայի զորամասում մնալուց հետո իր համագյուղացի տղաների հետ 2020 թվականի հոկտեմբերի 3-ին մեկնեց Ջրական:

«2-3 օր էր անցել, ես նոր իմացա, որ Դավիթս Ջրականում է, գյուղի բնակիչներից ասացին: Ես որ հեռախոսով խոսում էի Դավիթիս հետ, ռումբերի պայթյունների ձայն էր գալիս, ասում էր՝ մա՛ ջան, ուսումնավարժանք է, մենք ենք կրակում, որ ես չանհանգստանայի ու կարողանայի գիշերները հանգիստ քնել»,- պատմում է մայրը:

Դավիթն ամեն օր զանգել է, հոկտեմբերի 15-ին էլ հայտնել էր, թե այլևս չի կարող շուտ-շուտ զանգել: Նրա վերջին հեռախոսազանգը եղել է այդ օրը, մորն ասել էր, որ իրենց ծառայության 2 շաբաթը լրացել է, և կարող է տուն ուղարկեն:

«Հոկտեմբերի 16-ին ամբողջ օրն անհանգիստ էի, գիտեի, որ այդ օրը թեժ մարտեր են եղել,  տաքսու մեջ համագյուղացիներիցս մեկն էլ ասել էր, թե Բասեն գյուղի տղաների մասին լավ բան չի իմացել: Երևի արդեն գիտեր դեպքի մասին, ինձ չասաց,-  շարունակում է մայրն ու ավելացնում,- Հարևանի հարսն ասել էր, որ Դավիթի հագուստները պատրաստիր, տղաներին բաց են թողել, գյուղից գնալու են, բերեն: Դավիթս էլ այսպիսի բնավորություն ուներ, ինձ չէր ասում, որ անակնկալ լինի: Հագուստ, կոշիկ, անձնագիրը, ամենը պատրաստեցի ու սպասում էի, զանգ չկար…»։

Անհանգիստ էր, քանի որ Դավիթը գոնե մի լուր կհայտներ, այսքան երկար լուռ չէր մնա: Հետո կնոջը զանգում է բարեկամներից մեկն ու ասում, որ Դավիթը վիրավոր է, հիվանդանոցում է, ռազմի դաշտից նրան տեղափոխել են Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ալվարդ Քեշիշյանի պատմելով՝ Դավիթին ռազմի դաշտում պատահական էին գտել: Գիշերային ռմբակոծությունից հետո տղաներից մի քանիսը տեղում մահացել էին, իսկ նրանք, ովքեր վիրավոր էին, ամեն մեկն իր համար առանձին, մի կերպ շարունակել էր ճանապարհը:

«Դավիթս ոտքից էր վիրավորվել, նա այդպես վիրավոր մի քանի կիլոմետր մենակ գնացել է: Որդուս ոտքից 5 կիլո ասկոլկա են հանել, ու ոտքը էդքան ծանր՝ ինքը գնացել է, հետո ընկել: 15 ժամ մնացել է ընկած, արնաքամ է եղել: Դավիթս տեղանքում կողմնորոշվելուց լավ էր, պարզվում է՝ ինքը դեպի Հայաստանի սահմանն էր գնացել ու արդեն Հայաստանի տարածքում էր: Շտապ բուժօգնության մեքենան պատահաբար այդտեղով անցնելիս է եղել, բժիշկներն են տեսել նրան՝ ուժասպառ ընկած»,- շարունակում է մայրը:

Նրան հետո պատմել է շտապօգնության մեքենայում գտնվող վիրավորներից մեկը, ասել, որ իրենք ահագին հեռացել էին, հետո նոր բժիշկը նկատեց Դավիթին ու մեքենան ետ դարձրեց: Դավիթին սկզբում տեղափոխել էին Գորիս, հետո՝ ուղղաթիռով Երևան:

Մոր խոսքով՝ Դավիթի գիտակցությունը տեղն է եղել, երբ իրեն տեղափոխել են, բժիշկների հետ խոսել է, իր տվյալները տվել, դրա համար էլ ընտանիքին շուտ են գտել:

«Ոտքն էին անդամահատել, հնարավոր չի եղել այն պահպանել, 6 ժամ վիրահատել էին որդուս ներքին օրգանները, բացի սրտից, բոլոր օրգանները կտրատված են եղել բեկորներով, երիկամների անբավարարություն է եղել: Մեզ բժիշկն ասաց, որ այդ ասկոլկաները թունավոր են եղել, իր մահվան վկայականի մեջ էլ գրված է՝ բեկորային թունավորում,- ասում է Դավիթի մայրն ու ավելացնում,- բժիշկն ինձ հույս չտվեց, ասաց, ընդհանրապես շանս չկա: Իրեն արհեստական դեղերով պահում էին, որ ես հասնեի, տեսնեի գոնե իմ երեխային: Ո՛չ կարողացավ հետս խոսել, ո՛չ էլ… Բժիշկն ասաց՝ հրաշք կլինի, որ փրկվի»:

«Առաջին անգամ որ Դավիթիս մոտ մտանք, բժիշկն ասաց՝ հանկարծ չհուզվեք, ինքը ճիշտ է, շատ թույլ է, բայց ուղեղն արթուն է, ձեզ կլսի: Ասի՝ Դավո՛ ջան, եթե ինձ լսում ես, աչքերդ կբացե՞ս: Էդ վիճակում աչքերը բացեց, բայց արդեն խամրել էին: Ասացի՝ ջանի՛դ մեռնիմ, դու ինձ խոստացար, որ կգաս, չեկա՛ր, ե՛ս եմ եկել: 2-րդ անգամ որ մտա, էլի աչքերը բացեց, 3-րդ անգամ արդեն դժվարությամբ էր շնչում, ինձ դուրս բերեցին: Դավիթս հոկտեմբերի 17-ին մահացավ»,- պատմում է մայրը:

Դավիթի մահից հետո եղբորը 10 օր արձակուրդ էին տվել:

«Կամավորների մեքենայով թե ինչպես էր եկել, ռմբակոծությունների միջով, դա էլ Աստված գիտի»,- ասում է մայրը:

Համարյա 1 ամիս էլ Ալվարդ Քեշիշյանի կրտսեր որդին է կռվել պատերազմում՝ «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանի՝ Քյոխի զորամասի զինծառայողների հետ:

«Դավիթի հուղարկավորությունից հետո կրտսեր որդուս մի քանի անգամ զանգում, ետ էին կանչում դիրքեր, մենք հետո իմացանք, որ եղբոր մահից հետո օրենքով նա կարող է ազատվել պարտադիր զինծառայությունից: Այդ մասին մեզ չէին ասում, բայց մենք հետաքրքրվեցինք ու 8-ամսյա զինծառայությունից հետո մյուս որդուս ազատեցինք»,- ավելացնում է մայրը:

Դավիթի հայրը՝ Սմբատ Ղազարյանն է շարունակում. «Դավիթս մարզական կազմվածքով, թիկնեղ երիտասարդ էր, բռնցքամարտի Շիրակի մարզի պատանեկան առաջնության հաղթող էր: Նրան շատ էր խանգարում այն, որ անգինայով հաճախ էր հիվանդանում: Վերջապես վիրահատվեց ու գնաց բանակ, պիտի գար ու շարունակեր իր կարիերան արդեն ոչ թե որպես մարզիկ, այլ մարզիչ: Պիտի մեկներ Կուրգան, որտեղ պետք է աշխատեր որպես մարտեր առանց կանոնների մարզաձևի մարզիչ, բայց պատերազմը սկսվեց, ոչինչ չհասցրեց…»։

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականում այդ օրվա պայթյունի հետևանքով զոհվեցին Բասեն գյուղի 4 մարտիկներ:

Կարինե Կազարովա    

Back to top button