ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

«Սկսեցինք տուրիզմ զարգացնել, երբ քաղաքում ունեինք մեկ բարեկարգ փողոց. ինքներս տեղում հասկացանք, որ քաղաքը սիրուն է». Գյումրիի տուրիզմի հեռանկարներն ու խնդիրները

«Մենք գրավիչ շատ բաներ ունենք Գյումրիում և հյուրին մի քանի անգամ կարող ենք Գյումրին մատուցել և ներկայացնել: Տուրիզմը սեզոնային չէ, և բոլոր եղանակներին պիտի կարողանալ միշտ գրավիչ առաջարկ ներկայացնել: Գարնանը ավելի շատ քաղաքային տուրերն են պահանջված, մենք ունենք քաղաքային տուրերի առաջարկ: Ձմռանը՝ ձմեռային տուրիզմ, դահուկային սպորտ և այլն: Շիրակի մարզում մենք ունենք այդպիսի վայրեր և կարող ենք զարգացնել ձմեռային տուրիզմը: Բոլոր եղանակներին պիտի կարողանանք նոր ու հետաքրքիր առաջարկներ ունենալ: 2019թ.-ին մենք համարեցինք զբոսաշրջության պիկը, բայց 2020թ.-ի մինչև պատերազմ ընկած ժամանակահատվածում էլ շեշտակի անկում չունեցանք: 2021թ.-ն էլ վատ չէր տուրիզմի համար, իսկ այս տարի եղանակով պայմանավորված՝ կարծես թե երկու ամիս հետընթաց ունենք: Քովիդի, պատերազմի ժամանակահատվածում մենք կարողացանք բիզնեսը պահել մեր հավատարիմ հյուրերի, զբոսաշրջիկների հաշվին, բայց ինչ վերաբերում է Շիրակի մարզի կամ առհասարակ Գյումրու տուրիզմին, ապա ես պետք է ասեմ, որ մենք դեռևս խնդիր ունենք այն սեգմենտի վրա աշխատելու, ովքեր առաջին անգամ պիտի գան

Լիզա Գասպարյան
Լիզա Գասպարյան

Գյումրի: Այս հինգ տարիներին մենք խմբերի հետ աշխատելիս առաջին հարցը, որ տալիս ենք, հետևյալն է՝ արդյո՞ք առաջին անգամ եք Գյումրիում: 30%-ն է, որ առաջին անգամը չէ, որ Գյումրի է եկել, 70%-ը չի եղել Գյումրիում, և մենք պիտի աշխատենք այդ սեգմենտի հետ, իսկ սա իրենից ենթադրում է, որ մենք դեռ շատ անելիքներ ունենք մարքեթինգի, քաղաքը ներկայացնելու, բրենդավորելու առումով»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասում է «Մարմար» տուր տրանսֆեր զբոսաշրջային ընկերության տնօրեն Լիզա Գասպարյանը:

Լիզա Գասպարյանի խոսքով՝ շատ ճիշտ և գրագետ պիտի ներկայացնենք մեր քաղաքը, որպեսզի ոչ միայն առաջին անգամ եկողներին գրավենք, այլ նաև մարդիկ, ովքեր եկել են Գյումրի, նորից ուզենան գալ:

«Մենք սկսեցինք տուրիզմ զարգացնել, երբ քաղաքում ունեինք մեկ բարեկարգ փողոց, խոսքը Ռուսթավելու մասին է: Մենք 30 տարի մեզ տեղում բրենդավորել ենք «աղետի գոտի», սա ինձ համար շատ ցավալի թեմա է: Մենք տեղում մեզ բրենդավորել ենք «կրիմինալ Գյումրի», մեր լրատվամիջոցները առիթը բաց չէին թողնում և իրենց նյութերի վերնագրերում գրում էին՝ կրակոցներ Գյումրիում, լրագրողը նման վերնագրերով կայանում էր: Ի՞նչ արեցինք, բառի բուն իմաստով վնասեցինք քաղաքի զարգացման աճին, իսկ երբ եղան անհատներ, ովքեր տեսան, որ Գյումրին սիրուն է, մշակութային և այդ կրակոցների և փոշու տակ է մնացել, պիտի դա սրբել, խոսել դրա մասին, փաթեթավորել և վաճառել, բոլորը շռնդալից կերպով մտան տուրիզմի ոլորտ»,- շեշտում է զբոսաշրջային ընկերության տնօրենը:
Լիզա Գասպարյանն ասում է, որ ինչքան էլ տուրիզմը Գյումրիում զարգանա, միևնույնն է, կան խնդիրներ, որոնք եղել են և այդպես էլ կմնան.

«Հյուսիս-հարավի շինարարությունը դեռ չի ավարտվել, ես գրեթե ամեն օր Գյումրի-Երևան մայրուղու վրա եմ, և մեկ շինարար չկա այդտեղ: Եվ այդ անտանելի ճանապարհով տուրիզմ զարգացնելը ծիծաղելի է: Մենք ունենք նաև ենթակառուցվածքների խնդիր. երկաթգծի, արագընթացի ժամերը տուրիստական չեն: Բացի այդ, քաղաքային երթուղիները չեն կապվում ավտոկայարանի հետ, չգիտեմ՝ ինչպես են երթուղիները գծում, որ ավտոկայարանը քաղաքի հետ չի կապվում, իսկ դա տուրիստական առումով առնվազն անգրագիտություն է, որովհետև յուրաքանչյուր տուրիստական քաղաքում անպայման ավտոկայարանը և օդանավակայանը պիտի կապված լինեն քաղաքին: Մեր օդանավակայանը առանձնացված կղզի է քաղաքից հեռու, և որևէ հասանելի հասարակական տրանսպորտ չկա: 1-2 ժամանման սրահ են հիմնանորոգել, և դրանով խոսել միջազգային օդանավակայանի ծառայության մատուցման մասին՝ առնվազն միամտություն կլինի:
Մյուս կարևոր խնդիրը քաղաքում թափառող շներն են, և ցանկացած քայլափոխի լարվում ես, մանավանդ, երբ դպրոցականների հետ ես աշխատում:
Մաքրության մասին խոսելով՝ ասեմ, որ քաղաքի պատմական միջուկը մաքուր է, բայց Վարդանանց հրապարակի կողքին՝ շուկային հարող տարածքում, մի փոքր հատված է ընդամենը, բայց ափսոսացել են ասֆալտապատել, բայց պաշտոնյաները, ովքեր թեկուզ մի փոքր ունեն առնչություն կոմունալ բաժնի հետ, ասֆալտը տարել հասցրել են մինչև իրենց նախասրահի դուռը, որ իրենց մեքենաները, ոտքերը չցեխոտվեն:
Հանրային զուգարանների խնդիր կա, որը եղել է և էդպես էլ կմնա, թանգարանների օնլայն հերթագրման խնդիր կա: Ես արդեն մոռացել եմ, թե այս խնդիրների համար քանի անգամ եմ խոսել, բարձրաձայնել:
Լաչինի միջանցքի փողոցային առևտուրը կոլորիտային է, բայց երբ էդ առևտուրը եկել-հասել է Վարդանանց արձանախմբի տակ, դա արդեն մտահոգիչ է:
Փողոցային առևտրի թեման շարունակելով՝ ասեմ, որ մարդիկ, ովքեր իրենց հռչակել են քաղաքում «տուրիզմի կուրատորներ», ես իրենց կաբինետային տուրիզմով զբաղվողներ եմ անվանում, ես նրանց հորդորում եմ դուրս գալ քաղաքի պատմական միջուկ, քայլեն և տեսնեն, թե քանի սուրճի ապարատի թույլտվություն են տվել, ո՞ր քաղաքի պատմական միջուկում էդպիսի փնթի, էդպիսի տեսք ու վերաբերմունք կա: Թող ցույց տան զարգացած, տուրիստական հանգույց համարվող քաղաքներում էդպիսի բան, ասենք՝ ներողություն:
Եթե էս պահին մեր շուկան հագեցած է բառի բուն իմաստով ներքին տուրիզմով, դա չենք կարող տուրիստական բում համարել, իսկ ուր մնաց ներգնա տուրիզմի ցուցանիշները, բացի ռուսականից այլ շուկա չենք նկատում Գյումրիում, իսկ ռուսականը Գյումրիի համար նոր շուկա չէ, որովհետև այստեղ ռուսական ռազմաբազայի առկայություն կա, և կարծես թե նրանք մեզ համար տեղացիներ են: Մենք ենք մեղավոր, որ էս պահի դրությամբ չենք կարող սպասարկել անգլիական, ճապոնական հոսքեր, որովհետև մենք պետք է այդ սեգմենտին սպասարկելու միջազգային չափորոշիչներին համապատասխան ծառայություն ունենանք»,- եզրափակեց «Մարմար» տուր տրանսֆեր զբոսաշրջային ընկերության տնօրեն Լիզա Գասպարյանը:

Վարդան Սրտաշյան

«Արաքս հյուրանոցային համալիրի» տնօրեն Վարդան Սրտաշյանն էլ իր հերթին նշեց.
«Ռուս-ուկրաինական հակամարտությունը բացասական ազդեցություն է թողել տուրիզմի վրա, որովհետև Գյումրիի պարագայում տուրիստական հոսքերի առյուծի բաժինը Ռուսաստանից էր: Մարդիկ, ովքեր էստեղ բարեկամներ ունեն, տուրիստական երեք ամիսների ընթացքում գալիս էին էստեղ հանգստանալու, բայց էս տարի նույնիսկ էդ առումով շարժը շատ թույլ է: Այս ամենը հյուրատների գործունեության վրա ևս ազդեցություն թողնում է: Ուրբաթ-շաբաթ օրերին զբաղված են հյուրատները, բայց միայն էդ երկու օրը շաբաթվա մեջ քիչ է»,- շեշտեց Վարդան Սրտաշյանը:

Անահիտ Չալիկյան

Լուսանկարը՝ Մարտուն Գրիգորյանի

Back to top button