ՆորություններՏնտեսական

Լարսը փակ է, իսկ գյուղմթերքի արտահանման «ֆունդամենտալ» լուծումը՝ տապալված. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ասում են՝ մտահոգ ենք

Լարս տանող ճանապարհը վնասված է: Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով բարձրացել է Թերեք գետի մակարդակը, որի պատճառով էլ վնասվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրում (չեզոք գոտի) ճանապարհահատվածը:

Գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ամենաեռուն շրջանում հերթական անգամ գյուղացիական տնտեսությունները կանգնած են փաստի առաջ:

Եթե Լարսի անցակետը ևս մի քանի օր փակ մնա, և խնդրի լուծման այլընտրանքային եղանակներ չգտնվեն,  սա կնշանակի ահռելի կորուստներ:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ԳԱԼԱ-ն փորձեց մեկնաբանություն ստանալ, թե ինչ է արվում խնդրի լուծման ուղղությամբ: Նախարարությունից  միայն փոխանցեցին՝ բոլորն են մտահոգված, Լարսի փակումը առանց այն էլ լարված իրավիճակին նոր խնդիրներ ավելացրեց: Ասացին՝ զերծ կմնան այս պահին խոսելուց:

Բեռնափոխադրումներ իրականացնող «Սպայկա» ընկերությունից ԳԱԼԱ-ի հարցին ի պատասխան, թե քանի բեռնատար է կանգնած Լարսում, խնդրի լուծման ուղղությամբ ինչ է արվում, նշեցին, որ այսօր հանդես կգան մամուլի հաղորդագրությամբ:

«Եթե Լարսը շուտ չբացվի, խնդիր կունենանք: Դա հաստատ: Միակ լուծումն այն է, որ գոնե սառնարաններով բավարարեն, հակառակ դեպքում խնդիրներ կունենանք: Միշտ էլ եղել է ճանապահի այս խնդիրը, ի՞նչ ասեմ, ամեն տարի նույնն է: Մեզ մոտ՝ Հացիկում, ծիրանի ակտիվ բերքահավաքը կսկսվի 3-4 օրից: Եթե ճանապարհը փակ մնաց, օրինակ, մեր գյուղի ծիրանը ներսում սպառել չենք կարողանա: Մինչև 4-5000 տոննա ծիրան ենք ունենում, դա վաճառել չենք կարողանա: Բայց մի քանի օրից ամեն ինչ ավելի հստակ կլինի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Արմավիրի մարզի Հացիկ գյուղ վարչական պատասխանատու Արթուր Եղիազարյանը:

Արտահանման հետ կապված փակուղին չի կանգնեցրել բերքահավաքը: Արմավիրից փոխանցեցին՝ շարունակում են այգիներում աշխատել այն ակնկալիքով, որ լուծում կգտնվի, և ֆերմերը հերթական անգամ խոշոր վնասներ չի կրի:

Արմավիրում արտահանողներն այսօր ծիրանի գինն իջեցրել են՝ հատընտիր ծիրանի կիլոգրամը՝ 200-300 դրամ:  Արտահանողների թիվն էլ, ի դեպ, մարզում այս տարի մի քանի անգամ պակասել է: Պատճառը բարձր ռիսկերն են. հավանականությունը մեծ է, որ բերքը կփչանա ճանապարհներին և չի հասնի դրսի շուկա:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության այս տարվա մարտի 24-ի նիստում կայացվեց որոշում, որ լաստանավով դեպի Հայաստան արտահանման ու ներմուծման դեպքում Հայաստանի կառավարությունը փոխհատուցելու էր  լաստանավի ծախսերը (սուբսիդավորումը նախնական տեղի էր ունենալու 6 ամիս ժամկետով):

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այդ նիստի ժամանակ հայտարարեց, որ ներմուծման և արտահանման ժամանակ Հայաստանը մշտապես բախվում է Լարսի անցակետի  փակման խնդրին (26:38 րոպեից):

«Դա այս նոր իրավիճակում, երբ պարենային անվտանգությունը դառնում է ամենակարևոր խնդիրներից մեկը յուրաքանչյուր երկրի համար, կարիք ունի ֆունդամենտալ լուծման»,-նշեց նախարարը:

Որպես հարցի «ֆունդամենտալ» լուծում առաջարկվեց սուբսիդավորել Փոթի-Պորտ Կավկազ լաստանավային կանոնավոր հաղորդակցությունը՝ շաբաթական երկու անգամ չվացուցակով:

Հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց:

Վրաստանի և Ռուսաստանի միջև լաստանավային հաղորդակցությունը պետք է գործեր հունիսի 15-ից: Կառավարությունը դրա համար հատկացրել էր մոտ 2.5 միլիարդ դրամ գումար առաջիկա 6 ամսվա սուբսիդավորման համար:

Բայց ընդամենը օրեր առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Քերոբյանը հայտարարեց, որ լաստանավի աշխատանքին կան խանգարող հանգամանքներ: Պատճառը Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն են:

«Եվրոպական շատ ընկերություններ սանկցիաներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ, և APM-ը, հանդիսանալով աշխարհի խոշորագույն նավային ընկերությունը, ևս սանկցիաներ ունի կիրառած Ռուսաստանի դեմ։ Հիմա մենք բանակցում ենք, որպեսզի մեր լաստանավերի վրա այդ սանկցիաները չկիրառվեն։ Եվ, ըստ էության, իրենք իրավունք էլ չունեն: Հիմա ամեն ինչ պատրաստ է, բացի վերջին թույլտվությունից: Մեր վրացի գործընկերները րոպե առ րոպե սպասում են հոլանդական ընկերության համաձայնությանը»:

Խնդրի «ֆունդամենտալ» լուծման ահա այսպիսի հանգուցալուծում:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ ՀՀ կառավարությունը հրատապ պետք է բանակցություններ սկսի տարածաշրջանի բոլոր երկրների հետ այլընտրանքային ժամանակավոր ճանապարհ բացելու ուղղությամբ։

«Եթե ՀՀ կառավարությունը ձախողի գյուղմթերքի արտահանումը, ապա չի կարողանալու ապահովել 2022 թվականի համար տնտեսական աճի ցուցանիշը»,- գտնում է նա:

 

Արմենուհի Վարդանյան

Back to top button