Նորություններ

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Lexus-ը, Mitsubishi-ն և Nissan-ը. 5 վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 17:10-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 101 կմ հատվածում՝ «Գետափ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Lexus, Mitsubishi Grandis և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 1-ը ծայրահեղ ծանր, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել «Գետափ» ռեստորանի աշխատակիցները, քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Դիլիջանի թիվ 63 փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները:

Վիրավորներից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արման Իսախանյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button