Նորություններ

Կապանի այցեքարտ Վահանավանքը 1111 տարեկան է

Կապանում հունիսի 25-ին  մեծ շուքով տոնվեց միջնադարյան վանական համալիրի՝ Վահանավանքի 1111 ամյակը։  Օրը նշանավորվեց ուխտագնացությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Կապանի համայնքապետարանից, համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի գլխավորությամբ հոգեւոր այրերը, հավատավոր ժողովուրդը  Կապանից ավելի քան 8 կմ քայլելով՝  հասել են 10-րդ դարի կառույց։  Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Մակար Վարդապետ Հակոբյանը մատուցել է տոնական Սուրբ պատարագ, կատարվել է Անդաստանի կարգ։

Տոնական օրը  Վահանավանքը բազմամարդ էր։  Վանական համալիրի հազարամյա պատմությանը ծանոթանալու, հոգեւոր այս կարեւոր իրադարձության մասնակիցը լինելու համար  հանրապետության տարբեր վայրերից քաղաքացիներ էին ժամանել Կապան։ Միջոցառման հանդիսավոր մասն   անցկացվել է հենց վանքի կամարների ներքո: Ներկաներն իրենց ելույթներում շնորհավորեցին Վահանավանքի 1111- ամյակը, բացահայտեցին նրա պատմական կարեւոր արժեքը։

Գեւորգ Փարսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ Վահանավանքը թե համայնքային, եւ թե   Սյունյաց աշխարհի կյանքում   կարեւոր դերակատարություն ունի:

«Ժառանգել ենք այնպիսի հարստություն, որը մեր տարածաշրջանի հայկական կենսագրության պատմական փաստն  է։ Թշնամին ակնհայտորեն խեղաթյուրելով պատմական փաստերը՝  չի դադարում  կասկածի տակ դնել նաեւ Սյունիքի հայկական լինելը։ Մեկ անգամ չէ, որ մեր հարեւանները հոխորտացել են այս թեմայով՝ մասնավորապես   օգտագործելով «Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողերն են» եզրույթը։ Այնինչ, Վահանավանքի վանական համալիրն այն վառ ապացույցներից է, որ այս տարածաշրջանը   հնագույն քաղաքակրթության օջախ է, որտեղ հայերը պատմականորեն ապրել են դեռեւս այն ժամանակներից ի վեր, երբ ադրբեջանցիները որպես ազգ գոյություն չեն ունեցել»,- ընդգծել է Փարսյանը։

Կապանի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար Ռոլանդ Ղոնյանը նկատել է, որ ինքը Վահանավանքի վերականգնման աշխատանքներին լավատեղյակ է։

«Ցանկանում եմ խոսել այն մարդկանց մասին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին այդ Սուրբ գործին։  1960-ական թվականերին այստեղ սկսեցին իրականացվել պեղումներ. հնագիտական արշավախմբի ղեկավարը   պատմական գիտությունների դոկտոր  պրոֆեսոր  Գրիգոր Գրիգորյանն էր, ով  իր ամբողջ գործունեությունը նվիրեց Վահանավանքին։  Այդ ժամանակ  հողազանգվածի մեջ թաղված  վանական համալիրի կամարներին էին միայն  հուշում, որ այստեղ պատմական հուշարձան  կա»,-ասաց նա։

Պատմաբան Գրիշա Սմբատյանը, ով ժամանակին մասնակցել է Վահանավանքում կատարված պեղումներին, նկատել է՝ պեղումները մեծացրին Վահանավանքի խորհուրդը, ցրվեց կասկածը, խորացավ վստահությունը պատմիչների վկայությունների հանդեպ: Հատկապես՝ Ստեփանոս Օրբելյանի, ով գրել է, որ «Վանքի բակում թաղված են Աղվանքի եւ Բաղքի շատ թագավորներ եւ թագուհիներ»:

«Հիմա արդեն մենք տեսնում ենք գավիթում, սյունասրահում եւ բակում ամփոփված   հայոց հողի վրա մեր թագավորներին, թագուհիներին, իշխանազունիներին, Սյունիքի հզորագույն նախարարական տան ժառանգներին»,-ասել է Սմբատյանը:

Երաժշտագետ-միջնադարագետ, արվեստագիտության դոկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանն էլ ընդգծեց, որ այսօր հուշարձանի վերակերտման սոսկ տարեդարձ չէ, այսօրինակ միջոցառումները մեր օրերի մեջ վերաիմաստավորվում են ամենաանսպասելի տեսանկյուներով։

«Այն ինքնության, նորոգության խորհրդանիշ է։ Մեր հանրային կյանքը խարխլված է, ցավոք սրտի, եւ  ինքնութենական հարցերը ամենասուր ձեւով են կանգնում մեր առջեւ: Վահանավանքի 1111-ամյակը նորից ազգ հավաքելու, հանրություն հավաքելու մի առիթ է

Միջոցառումն ավարտվել է մատաղի հյուրասիրությամբ: Տոնական օրը իրենց կատարումներով գեղեցկացրել են  «Գեղարդ» երգչախումբը, ազգային երգ ու պարով հանդես են եկել Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերը։

Back to top button