ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Ռուսական ալիքներն այդ տեսանյութն անվանեցին «Ժպտացող զինվորը». Արամս իր ժպիտը թողեց Շուշիում». 18-ամյա հերոսի մոր պատմությունը

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Արամ Թորոսյանի մայրը՝ Թագուհի Արիստակեսյանը, պատմում է, որ որդին 23 օր մնացել է շրջափակման մեջ, պատերազմի 43-րդ օրը երկու անգամ վիրավորում է ստացել. մեկը առավոտյան, մյուսը երեկոյան:

Երբ սկսվեց արցախյան 44-օրյա պատերազմը, Արամ Թորոսյանը երկու ամսվա զինծառայող էր: Արամն ու իր նման նորակոչիկ տղաները Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմում պատմություններ են կերտել:

Արցախի հանդեպ Արամի սերը նկատվել է այն ժամանակ, երբ ֆուտբոլ էր պարապում և մրցաշարերի ժամանակ հաճախ էր Արցախ գնում: Ապագա բժիշկը մինչև վերջ կռվել է ու հավատացել, որ Շուշին չի ընկնելու:

«Արամս, երբ առաջին անգամ գնաց Արցախ, ասաց՝ մամ, ես հիացած եմ Արցախով, հենց բժշկական համալսարանն ավարտեմ, գնալու եմ Արցախում ատամնաբույժ աշխատեմ: Շատ էր սիրում Արցախը և մինչև վերջին շունչը կռվեց իր սիրելի Արցախի համար: Ամուսինս Թբիլիսիում ընկերներ ուներ, որոշել էին Արամիս Վրաստանում գրանցել, արդեն բոլոր թղթերը պատրաստ էին, մնում էր՝ ինքը գնար ու ստորագրեր: Կտրականապես հրաժարվեց, ասաց՝ ես անպայման ծառայելու եմ հայկական բանակում: Դեռ փոքրուց ասում էր՝ ես անպայման ծառայելու եմ: Երբ զորակոչի ժամանակ Հադրութ ընկավ, սկսեցի լաց լինել, ասաց՝ մա՛մ, եթե Հայաստան էլ ընկնեի, միևնույն է, կամավոր Արցախ էի գնալու:

Ծառայությունը լավ էր անցնում… սեպտեմբերի 27-ին սկսվեց չարաբաստիկ պատերազմը: Պատերազմի առաջին օրվանից մասնակցել է թեժ մարտերի, ոչ ոք հաշվի չի առել, որ նորակոչիկ են, մասնակցել է Հադրութի, Վարանդայի, Ջրականի, Քարինտակի և Շուշիի մարտերին: Քարինտակում 23 օր մնացել է շրջափակման մեջ: Հայրը գիտեր, որ Արամս շրջափակման մեջ էր, զանգել էր հորը և ասել, որ 23 օր մենք շրջափակման մեջ ենք եղել: Ամուսինս խորհուրդներ էր տվել, մի խոսքով՝ կարողացել էին դուրս գալ շրջափակումից: Էդքանից հետո Շուշիի մարտերին է մասնակցել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Արամ Թորոսյանի մայրը՝ Թագուհի Արիստակեսյանը:

Տիկին Թագուհին պատմում է, որ պատերազմի օրերին ամեն օր զանգում էր, չի եղել մի օր, որ չզանգի…

«Լացում էի, ասում՝ Արամ ջան, զգույշ կլինես, ասում էր՝ մամ ջան, մի լացի, ու ծիծաղում էր: Անգամ ամենադժվարին իրավիճակում ժպիտն անպակաս էր դեմքից: Եթե դուք նայել եք WarGonzo-ի տեսանյութը Շուշիի մատույցներից 44-օրյա պատերազմի ժամանակ, ապա չեք կարող նկատած չլինել Արամի ժպիտը: Ռուսական ալիքներն այդ տեսանյութը անվանեցին «Ժպտացող զինվորը»: Զենքերը կրակում էին, ռումբերն ընկնում ոռնոցով, իսկ հայ զինվորը ժպտում էր լայնաշուրթ: Թուրքական «բայրաքթարների», հատուկ պատրաստություն անցած վարձկանների ու ադրբեջանական անհատնում ոհմակի դեմ նրա ժպիտն ասում էր՝ մենք չենք վախենում մահից, Շուշիի համար կռվելու ենք մինչև արյան վերջին կաթիլն ու հաղթելու ենք:

Մեզ Մոսկվայից ծանոթ-բարեկամ զանգեցին և ասացին, որ Արամի նկարը ամբողջ համացանցում տարածվել է, մենք չգիտեինք էդ մասին: Արամը որ զանգեց, ասացի՝ Արամ ջան, բա ինչի՞ մեզ չէիր ասում, ասաց՝ դե լավ, մամա, ինչ ասեի: Պատերազմի 43-րդ օրը երկու անգամ վիրավորում է ստանում. մեկը առավոտյան, մյուսը երեկոյան: Մինչև իրիկունը ժ.23:30 մեզ հետ խոսել է, մեզ միշտ դուխ է տվել, մինչև վերջ ասել է, որ հաղթելու ենք, ասում էր՝ մամա ջան, մեր հողը թշնամուն չենք տա: Ասում էր՝ գիտեք՝ ինչքան ընկերներ եմ կորցրել, ես չեմ կարող թողնել ու դուրս գալ: Արամս իր ժպիտը թողեց Շուշիում, տղայիս ժպիտը գերության մեջ է, տղայիս վերջին շունչը, նրա կյանքի վերջին ժամերը: Իմ որդին կռվել և կյանքը տվել է Շուշիի համար, բայց Շուշին մերը չէ:

Արամիս հետմահու պարգևատրել են «Գարեգին Նժդեհ», «Ֆիդայապետ Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» մեդալներով, «Մոնթե Մելքոնյան», «Արծիվ-30» շքանշանով և «Արիության համար» մեդալով: Երբ «Մարշալ Բաղրամյանի» մեդալը Արցախից բերեցին, Արամիս սպաներից էր, ասաց՝ երբ տեսա, թե Ձեր տղան ոնց է թշնամու տանկերը պայթեցրել, ասացի՝ ոնց մարշալ Բաղրամյանն է թշնամու տանկերը վերացրել, այդպես էլ Արամը:

Ես էլ եմ զարմանում, թե ընդամենը 2 ամսվա ծառայողը ոնց է կարողացել էդպես կռիվ տալ թուրքի դեմ:

Մի օր ասաց՝ մամ, գիտե՞ս՝ «ПК» եմ վերցրել, մամ, էդ զենքով, գիտե՞ս, քանի թուրք ենք վերացնում:

Ես իմ Արամին հայրենասիրական ոգով եմ դաստիարակել, իսկ էսքանից հետո ես՝ որպես մանկավարժ, իմ սաներին ի՞նչ ասեմ, Շուշին մերն էր, հիմա մերը չի՞: Իմ որդին Հայրենիքի, հողի համար է զոհվել, բայց ո՞ւր է այդ հողը: Առաջին Արցախյանի ժամանակ, երբ զոհեր ունեինք, մխիթարվում էինք, որովհետև հաղթել էինք: Հիմա էս կորուստների հետ մեկտեղ մենք պարտվել ենք»,- եզրափակեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Արամ Թորոսյանի մայրը՝ Թագուհի Արիստակեսյանը:

Արամ Տարոնի Թորոսյանը ծնվել է 2002թ.-ին Երևանում, 2020 թվականի հուլիսի 3-ին զորակոչվել է Հայոց բանակ; Ծառայության է անցել Հադրութի զորամասում։

Սեպտեմբերի 27-ից Արցախյան երկրոդ պատերազմի առաջին օրվանից մասնակցել է թեժ մարտերին: Մասնակցել է Հադրութի, Վարանդայի, Ջրականի, Քարինտակի, Շուշիի համար մղվող մարտերին։ Նոյեմբերի 7-ին մասնակցելով Շուշիի համար մղվող թեժ մարտերին՝ վիրավորում է ստացել, սակայն չթողնելով մարտը՝ շարունակել է թեժ պայքարը:

Զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում:

Արամի աճյունը որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվեց նոյեմբերի 14-ին Շուշիի մատույցներում։

 

Անահիտ Չալիկյան

 

Back to top button