Նորություններ

«Ես Վարդազարյանին կուտ եմ տվել». Գագիկ Ջհանգիրյանի պարզաբանումն աղմկահարույց ձայնագրության մասին

Եթե ամբողջական ձայնագրությունը ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը ներկայացնի, ապա դա նրա համար լուրջ հետեւանքներ կարող է ունենալ։ Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։

Հիշեցնենք, որ Վարդազարյանը հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն աղմկահարույց ձայնագրություն է հրապարակել իր, Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ նախորդ տարվա փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։ Ըստ այդ ձայնագրության՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին՝ հրաժարական ներկայացնել։ Ջհանգիրյանը հորդորում է, որ հրաժարական տալու դիմաց Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվելու են, եւ նա մնալու է ԲԴԽ-ում որպես խորհրդի անդամ։ Ձայնագրությունը Դատախազությունն ուղարկել է Քննչական կոմիտե՝ նյութեր նախապատրաստելու համար։

Ձայնագրության մեջ լսվում է նաեւ Ջհանգիրյանի կողմից արտահայտած հայհոյանքներ, որոնց առնչությամբ նա ներողություն խնդրեց. «Ես ուզում էի հայցել մեր մայրերի, քույրերի, կանանց, աղջիկների ներողամտությունը, որ հակառակ իմ կամքի, այլ լսարանում, փակ միջավայրում, տղամարդկանց շրջապատում որոշ անվայելուչ արտահայտությունների համար. իմ վրիպման արդյունքում հանրայնացվեցին, ես զղջում եմ։ Այդ արտահայտություններն իրենց, իրենց լսարանի համար չէին նախատեսված։ Դա տղամարդկային նեղ շրջանակում ընթացող քննարկման արդյունքում, մտերմիկ զրույցի տիրույթում արտաբերած բառեր էին»։

Հարցին՝ արդյո՞ք Վարդազարյանի հետ հանդիպումը տեւել է 15 րոպե, Ջհանգիրյանը պատասխանեց, որ հանդիպումը տեւել է մոտ 2 ժամից ավելի. «Ես վստահ եմ՝ առաջին իսկ վայրկյանից այդ ձայնագրությունը կա, ուղղակի այդ 14 րոպեն ծաղկաքաղ է արված։ Եթե դա սեղանի զրույց է, որտեղ նստած են երեք տղամարդ, եւ տեւում է 2.5 ժամ, բնականաբար միայն մեկը չի խոսում, խոսում են բոլորը։ Թե չէ այստեղ դուրս է գալիս, որ ես մոնոլոգ եմ ասում, եւ այդ տպավորիչ բառերն էլ իրար հետեւից ասում եմ»։

Ջհանգիրյանն ասաց, որ Վարդազարյանը հրաժարվել է այդ ձայնագրության ամբողջական տարբերակը տրամադրել ԲԴԽ անդամներին:

Նա պնդեց՝ ինքն էր իր առաջ խնդիր դրել, որ Ռուբեն Վարդազարյանը կամավոր հրաժարական ներկայացնի. «Պարոն Վարդազարյանն արդեն դատական համակարգը մտցրել էր բացահայտ հակադրման մեջ գործադիր եւ օրենսդիր իշխանության հետ։ Ես գնացել եմ բանակցությունների»։

Հարցին՝ ո՞վ էր իրեն լիազորել՝ գնալ Վարդազարյանի հետ բանակցությունների, Ջհանգիրյանն ասաց. «Ես, ինձ ո՞վ կարող էր լիազորել։ Ես եմ գնացել բանակցությունների պարոն Վարդազարյանի հետ։ Քանի որ մեր հարաբերություններն արդեն լարված էին, թեեւ ինքը եղել է իմ ուսանողը, բայց նույնիսկ մինչեւ իմ ընտրվելը, ինքն արդեն ասում էր, որ ես իրավունք չունեմ եւ այլն։ Ես բազմաթիվ հանցագործների հետ եմ զրուցել, համոզել եմ ընդունել իրենց մեղքը, դու կիրառում ես հոգեբանական հնարքներ, օրինակ՝ դա ի՞նչ պաշտոն է, որ դու տենց կառչած ես դրանից, խելոք մարդը պիտի հասկանա, չէ՞, եթե այդպես է՝ ես ինչո՞ւ եմ այդ պաշտոնին նստել. այսինքն՝ որպեսզի նա հեշտության տրվի այդ հորդորին, դիմում գրի, ազատվի, ես նրա աչքում նսեմացնում եմ իր զբաղեցրած պաշտոնը»։

Անդրադառնալով ձայնագրության մեջ Ջհանգիրյանի այն խոսքին, թե «վզիս դրված է», եւ այն դիտարկումներին՝ այդպիսով պարզ է դառնում, որ գործադիրի թելադրանքներն է կատարում ինքը, Ջհանգիրյանն արձագանքեց. ««Վզիս դրածը» կոպիտ ասած՝ «իմ ճիտին պարտքն է», այսինքն՝ ես ինքս ստանձնել եմ կամավոր բարեփոխման ընթացքի կատարումը տեսական հիմքերի շարադրումը, դա ես ստանձնել եմ 1990 թվականից։ Որ ասում եմ՝ «վզիս դրած» է, ես նկատի ունեմ, որ դա իմ առաքելությունն է, իմ կոչումն է, ոչ թե մեկն ինձ պարտադրել է»։

Անդրադառնալով քրեական գործեր կարճելու մասին իր հայտարարությանը՝ Ջհանգիրյանն ասաց. «Դրանք հոգեբանական հնարքներ են։ Կուտ եմ տվել, ժողովրդի լեզվով ասած։ Ես ո՞նց եմ հարուցել կամ կարճել տալիս այդ քրեական գործերը. իմ լիազորություններից դուրս բաներ են»։

Նշենք, որ այսօր ԲԴԽ-ն Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում է կայացրել։

news.am

Back to top button