ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Իշխանը վա՛տն է, Աշոտյանը վա՛տն է, Վանեցյանը վատն է… դու՛ք ռադ արեք Նիկոլին, այս բազարի մեջ չկա դիտորդ, ձե՛ր փայ կռիվը տվեք, ոտնատակ ենք բոլորս»

«Մեր երկրում ոչ մի իրադարձություն, անգամ ամենասկանդալային, երկու օրից ավելի չի ապրում, որովհետև և՛ տեղեկատվական աղմուկն է շատ մեծ, և՛ քաղաքական օրակարգը աղբանոց է հիշեցնում,  և՛ այն պետական մարմինները, որոնք ենթադրվում էր, որ պետք է զբաղվեին այս կամ այն սկանդալային բացահայտումով, ոչինչ չեն անում: Ինչպես տեսաք, բոլորը խուսափեցին անգամ ամենաէլեմենտար գնահատականները տալ»,- հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում՝ անդրադառնալով  Վարդազարյան-Ջհանգիրյան զրույցի սկանդալային ձայնագրությանը:

Նրա խոսքերով՝ 2021 թվականի ընտրություններով քաղաքական ճգնաժամը չի հանգուցալուծվել, ավելին, նման իրադարձություններն ավելի են խորացնում խնդիրները:

«Գոլորշին ոչ միայն չի պակասել, այլ ավելի շատ  է խորանում այս կաթսայի մեջ, և դա մի տեղից պայթելու է»:

Անդրադառնալով քննադատություններին, որ խորհրդարանական ընդդիմությունն իշխանության համար հենարան է, և որ հարկավոր է նախկինները քաղաքական ասպարեզից առհասարակ հեռանան, Արմեն Աշոտյանը նշեց՝ դա երրորդ ուժի ջատագովների խոսույթն է, որն իրականում շատ արագ փլվում է:

«Տիտղոսային ընդդիմությունն այս պահի դրությամբ չի կարողանում ամբողջությամբ կապիտալիզացնել այս դժգոհությունը, հականիկոլական այս հսկայական էներգետիկան վերածել գործողությունների և շարժման տարբեր պատճառներով…

Բայց այս ընդդիմությունը ոչ մեկին չի խանգարում: Այդ խոսույթը քաղաքական իմաստով փուչիկ  է: Արդեն քանի՞ օր է ընդդիմությունը դատարկել է Ֆրանսիայի հրապարակը: Ո՞ւր են մյուս ուժերը: Լավ, Ֆրանսիայի հրապարակը 45 օր ընդդիմության տիրապետության ներքո էր, բա կողքի հրապարակներում ո՞ւր էին հասարակական–քաղաքական գործիչները: Երրոդ ուժ ո՞ւմ են աճեցնում… խամաճիկային նիկոլամերձ, նիկոլահպատակ ուժերի՞ն»,-շարունակեց Աշոտյանը:

Արմեն Աշոտյանը հորդորում է ոչ թե քննադատել ընդդիմությանը, այլ  սեփական օրակարգով լցնել հրապարակները, հեռացնել Փաշինյանին և Հայաստանին և Արցախին երկրորդ շնչառությունը տալ:

«Դուք ձեր փայ կռիվը տվեք… Օքեյ, Իշխանը վատն է, Աշոտյանը վատն է, Վանեցյանը վատն է, Պողոսը, Պետրոսը, բոլորը վատն են, դուք լավը, ապացուցե՛ք, որ լավն եք: Սա «Ռեալ»-«Բարսելոնա» խաղը չէ, դուք էլ պոպկոռնով կայֆ չեք ստանում էդ ֆուտբոլից: Չէ՛: Դուք այդ խաղի մասնակիցն եք: Ավելի վատ բան ասեմ. մենք բոլորս այդ խաղի գազոնն ենք, որովհետև մեր վրայով են անցնում-գնում, կոխռճում, ոչնչացնում, ցեխոտում ու տոպկում: Մենք այդ խաղադաշտն ենք: Վա՞տ է կազմակերպված, ձե՛րը ստեղծեք»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Back to top button