ՄիջազգայինՆորություններ

Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհված անձանց թիվը հասել է 920-ի

Աֆղանստանի երկու նահանգներում չորեքշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 900-ը, հաղորդում է Aamaj News-ը։

«Պակտիկա և Խոստ նահանգներում երկրաշարժի զոհերի թիվն աճել է, 920 մարդ զոհվել է, 610-ը՝ վիրավորվել»,- հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով տարերային աղետների դեմ պայքարի պետնախարարի տեղակալ Շարաֆուդդին Մուսլիմին։

Աֆղանստանը վերահսկող «Թալիբան» շարժման նախարարների կաբինետն արտակարգ նիստ է անցկացրել երկրաշարժի կապակցությամբ։

«Կառավարությունը համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է շտապ օգնություն ուղարկել տարածքներ, միջոցներ են ձեռնարկվել նաև զոհերի ընտանիքներին դրամական օգնություն ցուցաբերելու և վիրավորներին բուժելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարների կաբինետը հրահանգել է օգտագործել բոլոր հասանելի օդային և ցամաքային տրանսպորտային միջոցները՝ տուժածներին սնունդ, հագուստ, դեղամիջոցներ և այլ անհրաժեշտ իրեր հասցնելու, ինչպես նաև վիրավորներին տեղափոխելու համար։

Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,1 բալ։

Back to top button