ՆորություններՔո ձայնը

Թագուհի Թովմասյանն անդրադարձել է խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի մանդատից հրաժարվելու հայտարարությանը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի մանդատից հրաժարվելու հայտարարությանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Այսօր Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ «Հայրենիք» կուսակցության որոշմամբ՝ դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձեւավորած «Պատիվ ունեմ» դաշինքը։ Խմբակցության ղեկավարը հրաժարվեց պատգամավորական մանդատից:

Կհիշեք՝ մանդատները ողջ ընդդիմադիրներով վայր դնելու, հաջորդաբար որեւէ մեկի կողմից դրանց չվերցնելու նպատակահարմարության հարցը բարձրացրել էի դեռ նախորդ տարի նոյեմբերին եւ տարբեր առիթներով խոսել եմ այն մասին, որ մեր երկիրը ձեւով խորհրդարանական է, իսկ բովանդակությամբ՝ ոչ:

Բայց նույնիսկ այդ պայմաներում, կարծում եմ, բոլորդ եք համոզվել, որ անկուսակցականի կարգավիճակով պատգամավորական իմ մանդատը այս տարիներին ծառայել եւ ծառայում է բացառապես ՀՀ քաղաքացուն եւ նրա իրավունքների պաշտպանությանը:

Այս օրերին Վարդենիսում եմ, հույս ունեմ՝ մաքուր, սառը օդը կօգնի առավել արդյունավետ որոշում կայացնել: Բայց ինչ որոշման էլ հանգեմ, բխելու է ՀՀ քաղաքացու շահերից եւ հաշվետու կլինեմ ձեզ:

Շնորհակալ եմ մեր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին՝ միասին անցած կարճ, բայց լուրջ պայքարի ճանապարհի համար: Ես էլ իմ հերթին վստահ եմ, որ ինչ կարգավիճակում էլ լինենք, դեռ շարունակելու ենք պայքարը՝ հանուն երկրի փրկության եւ հայ ժողովրդի բարեկեցության: Սուտը չի կարող հավերժ իշխել»։

 

Back to top button