Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Քննարկվել են հայ-սերբական կրթամշակութային հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչին

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է դեսպանին՝ կարևորելով երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն ուղղված շարունակական քայլերը:

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Ա. Մարտիրոսյանը հատկապես առանձնացրել է մշակութային ժառանգության, պատմամշակութային արժեք ունեցող հուշակոթողների պահպանման և վերականգնման վերաբերյալ հարցերը, մատնանշել Հայաստանի և Սերբիայի՝ այդ ասպարեզում պատմական առնչությունները: Փոխնախարարը հակիրճ ներկայացրել է նաև այլ երկրներում հայագիտական կենտրոնների գործունեությունը` կարևորելով Սերբիայում հայագիտական կենտրոնի ստեղծման հնարավորությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Տատյանա Պանայոտովիչն իր գոհունակությունն է հայտնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում համագործակցության հնարավորության համար:

Անդրադարձ է եղել 2022 թ. օգոստոսին Ուջանում կայանալիք «Ծիրանի ծառ» միջազգային կինոփառատոնին, որին մասնակցում են նաև սերբ կինոգործիչները՝ ներկայացնելով վավերագրական ֆիլմեր:

Կողմերը քննարկել են 2 երկրների բուհերում սերբերենի և հայերենի ուսուցման, դասախոսությունների, ամբիոն հիմնելու հնարավորությունները: Քննարկվել են ընդհանուր համագործակցությամբ մի շարք ոլորտների՝ գեղարվեստական գրականության թարգմանության, թարգմանիչների պատրաստման, լեզվական հետազոտությունների ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում կարևորվել է ուսանողներին կրթաթոշակով ապահովելու հնարավորությունների ընդլայնումը:

Նախարարի տեղակալն ու դեսպանն անդրադարձել են նաև ընթացիկ մի շարք ծրագրերի՝ «Էրազմուս+»-ի,  «Starmus»-ի կարևորությանը, նախանշել սպորտային համագործակցության հնարավոր ուղիները:

Back to top button