Նորություններ

«Կազիմիրովը փոխանցել է Հեյդար Ալիևի խնդրանքը, և 2 ժամ հետո ստացել պատասխան, որ Հայաստանը պատրաստ է փաստաթուղթը ստորագրել. դա կոպտագույն սխալ է եղել». Ա. Մանասյան

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի խոսքով՝ Վլադիմիր Կազիմիրովը փոխանցել է Հեյդար Ալիևի խնդրանքը, և 2 ժամ հետո ստացել պատասխան, որ Հայաստանը պատրաստ է Բիշքեքյան փաստաթուղթը ստորագրել, եւ դա կոպտագույն սխալ է եղել, դրանից հետո փոխվեց բանակցությունների ամբողջ ֆորմատը:

«Փաստն այն է, որ նախկին նախագահները պահել են Արցախը, իսկ ինչ վերաբերում է Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնելուն, ապա առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է Արցախին դուրս թողել բանակցային գործընթացից: Գործող իշխանությունը իհարկե կարող է ասել, որ դա առաջին նախագահի օրոք չի եղել, բայց դա այդպես չէ: Նիկոլ Փաշինյանը որևէ բան հայտարարելուց առաջ թող ուղիղ նայի ճշմարտությանը, փաստերը պետք է ճիշտ ներկայացնել, ոչ թե մեղավորներ փնտրել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

«1993-ից 1994թ.-ի մինչև մայիս ամբողջ աշխարհն ընդունում էր, որ Հայաստանը կոնֆլիկտի կողմ չէ: Անվտանգության խորհրդի հայտնի բանաձևեր կան, որում նշված է, որ Քարվաճառը գրավել են տեղական ուժերը, այսինքն՝ տեղական ուժեր արտահայտությունով Հայաստանին չէին դիտարկում որպես կոնֆլիկտի կողմ: 1993թ.-ի նոյեմբերին նույն Անվտանգության խորհուրդն ընդունել է բանաձև, որով Հայաստանին հորդորում է իր ազդեցությունն օգտագործել Լեռնային Ղարաբաղի վրա, որպեսզի պաշտոնական Ստեփանակերտը կատարի Անվտանգության խորհրդի որոշումները: Այդ ձևակերպումներից պարզ երևում է, որ Անվտանգության խորհուրդը Հայաստանին չի ընդունում կոնֆլիկտի կողմ:

1994թ.-ի մայիսին ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը փաստաթուղթ է պատրաստում հրադադարի մասին, որը պիտի ստորագրեին կոնֆլիկտի կողմերը՝ Բաքուն և Ստեփանակերտը: Բայց երբ այդ փաստաթուղթը տանում են հայր Ալիևին, վերջինս ասում է՝ իսկ Հայաստանի ստորագրությունը որտե՞ղ է, ինչո՞ւ չկա: Կազիմիրովն ասում է՝ աշխարհը գիտի, որ Հայաստանը կոնֆլիկտի կողմ չէ, ուղղակի ազդեցություն ունի Լեռնային Ղարաբաղի իշխանությունների վրա, շահագրգիռ կողմ է, բայց ոչ կոնֆլիկտի կողմ: Հեյդար Ալիևն ասում է՝ ոչինչ, փոխանցեք իմ խնդրանքը Լևոն Տեր-Պետրոսյանին, որ իր ստորագրությունն էլ դնի հրադադարի մասին փաստաթղթի տակ: Ռուս համանախագահ Կազիմիրովն ասում է՝ կփոխանցեմ, բայց հույս չունեմ, որ կհամաձայնվի: Վլադիմիր Կազիմիրովը փոխանցում է հայր Ալիևի խնդրանքը, և 2 ժամ հետո ստանում են պատասխան, որ Հայաստանը պատրաստ է Բիշքեքյան փաստաթուղթը ստորագրել:

Դա կոպտագույն սխալ է եղել, և դրանից հետո փոխվեց բանակցությունների ամբողջ ֆորմատը, բանակցությունների տրամաբանությունը դրանից հետո է փոխվել: Այն պահից, երբ այդ կոպիտ սխալը թույլ է տրվել, հայկական կողմը պետք է բանակցություններին ներկայանար Արցախի փոխարեն, պիտի ասեր, որ ես կոնֆլիկտի կողմ չեմ, ես խոսում եմ Արցախի անունից:

Մեր ժողովուրդը չգիտի, թե դա ինչ է նշանակում, նույնիսկ փորձագետներն են այդ նրբությունն անտեսել:

Քանի որ Հայաստանը դարձել է կոնֆլիկտի կողմ, ապա Ադրբեջանի համար դժվար չի եղել հրաժարվել Ստեփանակերտի հետ բանակցություններից:

Որևէ վերապահում չի գրվել այդ ստորագրության տակ, որ Հայաստանը կոնֆլիկտի կողմ չէ: 1998-ին, երբ երկրում իշխանափոխություն եղավ, էդ ժամանակ էլ չի նշվել այդ կարևոր հանգամանքը:

Այսօր էլ, երբ ադրբեջանական զորքը մտնում է Հայաստանի սուվերեն տարածք, նրանք մտնում են մի պետության տարածք, որն իր հետ կոնֆլիկտի մեջ է եղել և գրավել է իր տարածքները: Բիշքեքյան ստորագրության հետևանքները այսօր մենք զգում ենք, և ազնիվ չէ ասել, որ դա Քոչարյանն է արել: Այո, Քոչարյանը շատ սխալներ է թույլ տվել, բայց բանակցային գործընթացից Արցախին դուրս թողնելը Քոչարյանի մեղքը չէ:

Մյուս կողմից էլ կա մի շատ կարևոր նրբություն. Արցախը բանակցային գործընթացից դե յուրե դուրս մղված չի եղել, ուղղակի Բաքուն հրաժարվել է Ստեփանակերտի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Դա բնավ չի նշանակում, որ Արցախը դադարել է լինել բանակցային գործընթացի մասնակից:

Բաքուն չի որոշում բանակցությունների ձևաչափը, այլ ԵԱՀԿ Մինսկի խումբը, և Մինսկի խմբի ձևաչափում Արցախը ներառված է: Բաքուն չի ուզում խոսել Ստեփանակերտի հետ, թող չխոսի, բայց ամեն անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվից գալիս են Երևան, հետո Ստեփանակերտ: Ստեփանակերտ նրանց այցը խոսում է այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտը համարում են կոնֆլիկտի կողմ, բայց ոմանց անգրագիտությունը թույլ է տվել մտածել, որ Արցախը դուրս է մղվել բանակցային գործընթացից: Եթե Արցախը դուրս է մղվել, ապա ինչի՞ են համանախագահները գնում Ստեփանակերտ»,- նշեց քաղաքագետը:

Ալեքսանդր Մանասյանի խոսքով՝ հայկական դիվանագիտությունը շատ սխալներ է թույլ տվել, և բանակցային փաթեթներից և ոչ մեկը չի համապատասխանել իրավական փաստերին, իրողություններին:

«Մեզ չի հաջողվել ցույց տալ այդ անհամապատասխանությունը, մենք վախեցել ենք Եվրոպային ասել, որ դուք ճանաչել եք մի երկիր, որտեղ երբևէ ինքնորոշման ակտ չի եղել, ինչ սահմանների մասին կարող է խոսք լինել: Մենք վախեցել ենք Եվրոպային ասել, որ Լեռնային Ղարաբաղն անկախությունը հռչակել է ադրբեջանական հանրապետությանը իրավաբանորեն չպատկանող տարածքներում: Այդ կարևոր շեշտադրումները չենք կարողացել առաջ տանել:

Չնայած Ռոբերտ Քոչարյանը մի առիթով եվրոպական ամբիոնից ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջության հետ, բայց դա մի անգամ է ասել, այնինչ դա պետք է դառնար բանաձև, որով պիտի ներկայանայինք Մինսկի խմբին:

Այնքան սխալներ ենք թույլ տվել, որ միայն 2016-ին Սերժ Սարգսյանն ասաց, որ Հայաստանը նստում է բանակցությունների սեղանին Լեռնային Ղարաբաղի փոխարեն, Հայաստանը կոնֆլիկտի կողմ չէ: Մենք հենց սկզբից այդ բանաձևով պիտի նստեինք բանակցությունների սեղանին:

«Քի Վեսթը», «Մադրիդյան սկզբունքները», «Լավրովի պլանը». սրանք այն փաստաթղթերն են, որոնք ներկայացնում են միջնորդները, այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այս փաթեթները վճռորոշ չեն, որովհետև փաստաթուղթը կազմել են, Հայաստանն ու Արցախը համաձայնել են, Բաքուն վերջին պահին չի համաձայնել: Եվ այս իմաստով բոլոր փաթեթները նույն ուժն ունեն»,- եզրափակեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button