«Այդ օրն ինչո՞ւ նահանջի հրաման տվեցին, օդը բացեցին». բասենցի 4 ընկերները զոհվել են թշնամու ԱԹՍ-ի հարվածից
Շիրակի մարզի Բասեն գյուղի բնակիչ Արկադի Բաղդասարյանի մայրը՝ Աննա Բաղդասարյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմեց, որ որդին 2020 թվականի սեպտեմբերին անավարտ է թողել տան շինարարությունն ու պատերազմ մեկնել: Նրա կիսատ թողած գործերը շարունակել չէին կարողանում: Հերոսի մորեղբայրը որոշել է տան հարդարումն ավարտել ու Արկադի Բաղդասարյանի հիշատակին անկյուն բացել:
3 երեխաների հայր էր 37-ամյա Արկադի Բաղդասարյանը, 2 դուստր ու 1 որդի ունի: Գյուղի հովիվն էր, շատ ամրակազմ, բարի ու հոգատար ոչ միայն ընտանիքի, այլև համագյուղացիների հանդեպ: Որդին 5 ամսական էր, աղջիկները՝ 4 և 3 տարեկան, երբ Արկադին պատերազմ գնաց: Նա դպրոցն ավարտելուց հետո Արցախում՝ Ասկերանի զորամասում է պարտադիր զինծառայությունն անցկացրել, ու այդտեղից էլ սկսվել էր Արկադի Բաղդասարյանի սերը Արցախի նկատմամբ:
«Արկաս տանը չէր, երբ իմացանք, որ պատերազմ է սկսվել: Զանգեց, հարցրեց, խաբեցինք, թե սուտ է, կռիվ չկա: Իրիկունը եկավ, իրեն արդեն զինկոմիսարիատից ծանուցագիր էր եկել: Ասացի՝ մի՛ գնա, պատասխանեց, թե չի լինի, մա ջան, մենք որ չգնանք, ո՞վ գնա: Սեպտեմբերի 27-ին մեկնեց, Ոսկեհասկի զորամասում էր: Մենք գնում նրան տեսակցում, գալիս էինք, ինքն էլ էր տուն գալիս՝ լողանալու»,-նշեց հերոսի մայրը:
Ընտանիքի անդամների հորդորներն ու ետ դառնալու խնդրանքները Արկադին շարունակ մերժել է, նա վճռական էր տրամադրված. պետք է կռվեր:
«Վերջին անգամ, երբ տուն եկավ, չգիտեինք, որ զենքերն արդեն բաժանել էին, ու պետք է մեկներ ռազմաճակատ,- շարունակեց մայրը: Հոկտեմբերի 2-ին նա արդեն կռվի դաշտում էր, իրենց գյուղի 3 ընկերների հետ մեկնել էր Ջրական: Արկաս վախ չուներ, շատ ուժեղ էր, հաղթանդամ, երիտասարդներին չէր թողնում առաջ գնային, ասում էր՝ դուք փոքր եք, մի՛ գնացեք: Հացը ինքը կբերեր, տղաներին սոված չէր թողնի, ցուլիկ էր խփել, մորթել, վաշտի տղաներին բաժանել»:
Մոր խոսքով՝ որդին իր հումորի զգացումը ռազմի դաշտում էլ չի կորցրել: Մարտական ընկերներին շատ էր սիրում, միշտ օգնում էր: Աննա Բաղդասարյանի խոսքով՝ երբ տղաները դիրքերում են եղել, նրանք ոչ մի վնասվածք չեն ունեցել, հետո նահանջի հրաման են ստացել ու օրերով քայլել: Հոգնած տղաների զենքերն Արկադին է տարել:
«Հոկտեմբերի 13-ին Արկադիի մեծ աղջկա ծնունդն էր, զանգեց, թե՝ մա՛, Կիմայիս ծնունդն անելո՞ւ ես: Ասացի՝ եկե՛ք, կանենք: Ասաց՝ մա՛, մենք որ գանք, թուրքերը կլցվեն, ինչպե՞ս գանք»,- ասում է մայրը:
Ամեն օր առավոտյան ժամը 5-ին Արկադին զանգել է մորն ու կնոջը, վերջին հեռախոսազրույցը երեկոյան է եղել, կարճ է տևել, ասել է՝ քիչ խոսենք, որ հեռախոսի լիցքավորումը չպակասի, ու առավոտյան կարողանա զանգել հարազատներին: Հոկտեմբերի 16-ի լույս գիշերը, երբ տղաները երկար քայլելուց հետո նստել էին հանգստանալու, նրանց հարվածել է թշնամու ԱԹՍ-ն, ինչի հետևանքով զոհվել են բասենցի 4 ընկերները:
«Այդ օրն ինչո՞ւ այդպես եղավ, նահանջի հրաման տվեցին ու օդը ինչո՞ւ բացեցին: Որ օդը չբացեին, երեխաներին բան չէր լինի»,- զինվորի մոր համար շատ հարցերի պատասխաններ մինչև հիմա անհայտ են:
Կորստյան ցավի հետ մայրը չի հաշտվում, ասում է՝ Արկադիի որդին փոքր էր, հորը չի հիշում, բայց աղջիկները նրա հետ շատ էին կապված, մորն անընդհատ հարցնում են, թե դու մեր հայրիկին չե՞ս կարոտել, ինչո՞ւ չես զանգում, որ գա…
Հերոսի մայրը չի կարողանում զսպել արցունքները, որդու 3 երեխաներին ինչպե՞ս են մեծացնելու, մոտ 2 տարի չի թողել, որ իրենց բնակարանում որդու սկսած ներքին հարդարման աշխատանքները շարունակեն: Հանուն երեխաների է համաձայնել, որ շինարարությունն ավարտին հասցվի, անմահացած որդու համար էլ սենյակ առանձնացվի:
Կարինե Կազարովա