ՆորություններՏնտեսական

Արտարժույթի շուկայում տեղի ունեցող տատանումներն ու գնաճը ինչ հետեւանքներ կունենան

«Արտարժույթի շուկայում տեղի ունեցող տատանումները պայմանավորված են նրանով, որ 60 մլրդ. դոլարից ավելի էներգակիրներ գնվել են ռուբլով: Արտարժույթի տատանումներից արտահանողները տուժում են: Այս իրավիճակում Կենտրոնական բանկը պիտի որոշակի գործողություններ իրականացնի, որպեսզի այդ տատանումները բացասական մեծ ազդեցություն չունենան, որովհետև տնտեսության դիմադրողականության ցածր լինելու պարագայում նման վայրիվերումներին դիմակայելը շատ դժվար է: Մեր տնտեսությունը իր կառուցվածքով շատ խոցելի է և մրցունակ չէ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Գագիկ Վարդանյանը՝ անդրադառնալով արտարժույթի շուկայի տատանումներին, դրանց ազդեցությանը:


Տնտեսագետի խոսքով՝ արևմտյան երկրների տնտեսությունները շատ ճկուն են և շատ արագորեն են կարողանում հարմարվել ցանկացած մարտահրավերի, ցանկացած փոփոխությունների:
«Այդ երկրների տնտեսությունները ժամանակին համահունչ, փոփոխվող դինամիկ կառուցվածք ունեն և կարող են ցանկացած տատանման պատասխանել, բայց Հայաստանի պարագայում նման գործընթացները ուղղակի զսպելու են տնտեսական զարգացումը:
Որոշակի քանակով IT ոլորտի մասնագետների ներհոսք կա Հայաստան, որը կարող է աշխուժություն առաջացնել, ինչ-որ չափով նրանց ներհոսքը նպաստելու է տնտեսական ակտիվության բարձրացմանը, բայց այդ ամենը ժամանակավոր գործընթաց է. տնտեսական զարգացման համար մեզ տևական գործընթացներ են պետք: Մենք չգիտենք՝ գլոբալ առումով տնտեսության մեջ ինչպիսի զարգացումներ կլինեն: Առանց այն էլ համավարակից և պատերազմից հետո Հայաստանի տնտեսությունը ամբողջովին չի հասցրել վերականգնվել»,- ընդգծեց տնտեսագետ Գագիկ Վարդանյանը:

Չնայած արտարժույթի շուկայում տեղի ունեցող կտրուկ տատանումներին՝ Հայաստանում գնաճը պահպանվում է: Տնտեսագետը երևույթը այսպես է մեկնաբանում:

«Գնաճը մեղմելու որոշակի հնարավորություն կա, և դա Կենտրոնական բանկի գործառույթն է, բայց կան նաև արտաքին գործոններ, որոնք ազդում են գնաճի վրա. մասնավորապես՝ համաշխարհային գները: Համաշխարհային շուկայում ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում, փոփոխություններ են լինում: Այսօր շատ երկրներում ոչ միայն գնաճ կա, այլ նաև ապրանքի դեֆիցիտ, և այդ գլոբալ խնդիրները ազդեցություն են ունենում նաև Հայաստանի վրա: Խնդիրները բազմաթիվ են և բազմաշերտ. մի մասը կախված է մեզնից, մյուս մասը՝ արտաքին և ներքին ազդեցություններից:
Օրինակ՝ գործարարը ապրանքը ներմուծելիս արտարժույթի տատանումների հետևանքով այնքան վնասներ է կրում, որ պիտի իր կրած վնասը կարողանա փոխհատուցել, և արդյունքում ապրանքի գինը շարունակում է նույնը մնալ»:

Տնտեսագետ Գագիկ Վարդանյանն ասում է՝ արտարժույթի շուկայի տատանումները հնարավոր է մեղմել ԿԲ-ի և կառավարության համաձայնեցված գործողություններով: Վերացնել հնարավոր չէ, բայց մեղմելը ԿԲ-ի և կառավարության պարտավորությունն է:

 

Անահիտ Չալիկյան

Back to top button