ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններՏնտեսական

«Հայաստանը 30 տարի է որդեգրել է «յոլայի» քաղաքականություն»

«Համաշխարհային գնաճի պատճառները բացատրվում են քովիդի համավարակի ժամանակահատվածում միջազգային տնտեսության ծավալի փոքրացմամբ և հետքովիդյան շրջանում սպառման բարձր պահանջարկը կարճ ժամանակում բավարարելու անկարողությամբ, ինչպես նաև ուկրաինա-ռուսական պատերազմով»:

Այս մասին ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակում հայտարարեց տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան և Ռուսաստանը հացահատիկի և այլ ցորենազգիների խոշոր արտահանողներ են, մասնավորապես, Ուկրաինան ապահովում է Եվրոպայի ներմուծման մինչև 1/5-ը։ «Այդ երկրները նաև Աֆրիկայի ցորենազգիների ներկրման շուկայում կարևոր դեր են խաղում։ Պատերազմի արդյունքում անխուսափելիորեն բարձրացան հատիկային մշակույթների գները, ինչը աղքատացման և նույնիսկ սովի պատճառ կարող է դառնալ»։

«Հայկական դրամի արժևորումը չի բխում տնտեսական պատճառներից, այլ արտացոլումն է Կենտրոնական բանկի քաղաքականության։ Ընդհանուր գնաճի հետևանքները մեղմելու նպատակով դրամը արժևորվում է, որպեսզի սպառողական ապրանքների գնաճն այդքան ցավալի ու արագընթաց չլինի։ Իհարկե, սա բխում է Կենտրոնական բանկի հիմնական գործառույթից, սակայն դա չի կարող շատ երկար տևել, քանզի մեծ պաշարներ է պահանջում։ Միաժամանակ այդ քաղաքականությունը ունի նաև բացասական ազդեցություն։ Փաստացիորեն, դա զրկում է բիզնեսին հասանելի ֆինանսական աղբյուրներից և թանկացնում է արտահանումը։ Արդյունքում շահում է միայն ներկրումը և ներկրող ընկերությունները»,-ընդգծեց տնտեսագետը։

«Ռուսական ռուբլու արհեստականորեն բարձր կուրսը հիմնված է զուտ քաղաքական գործոնի՝ Հայաստանի կախվածության վրա։ Այն չի արտացոլում տնտեսական իրավիճակը Ռուսաստանում, որը մեծ հավանականությամբ շուտով էլ ավելի մեծ անկում է ապրելու։ Դա, բացի ամենից, ազդելու է Ռուսաստանից դրամական փոխանցումների ծավալի վրա, որը նույնպես մեծ փորձություն է Հայաստանի տնտեսության համար։ Պետությունը 30 տարի ի վեր զլանում է իր գլխավոր տնտեսական գործառույթներն իրականացնել՝ ապահովել միջավայր և ենթակառուցվածքներ և քաղաքացիների սոցիալական պաշտպանություն։ Այսպիսի արտաքին մարտահրավերներ ունեցող հասարակության համար դա անընդունելի է, և հետևանքները մենք տեսանք 2020թ.-ին»,-նշեց Հովհաննես Ավետիսյանը։

Back to top button