ՄիջազգայինՆորություններ

Սաակաշվիլին աբխազներին առաջարկում է դաշնություն ստեղծել

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առաջարկում է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի բնակչությանը դաշնություն ստեղծել, որի մայրաքաղաքը կլինի Քութայիսին։

«Մոտ ապագայում՝ Ուկրաինայի հաղթանակից հետո, մենք ոչ միայն կանդամակցենք Եվրամիությանը, այլև կկարողանանք բանակցել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքում ապրող քաղաքացիների հետ։ Ռուսական օկուպացիոն բանակի դուրսբերմամբ Ցխինվալիի հարցն ինքնին կլուծվի»,- ասված է Սաակաշվիլիի տարածած հայտարարության մեջ։

Ըստ Սաակաշվիլիի՝ այս նահանգում երկքաղաքացիություն է լինելու, ինչը նշանակում է, որ Աբխազիայի քաղաքացին ավտոմատ կերպով լինելու է Վրաստանի քաղաքացի, սակայն Վրաստանի քաղաքացին ինքնաբերաբար չի լինելու Աբխազիայի քաղաքացի։

Նրա խոսքով՝ սա կվերացնի աբխազների ուծացման վախը.

«Ե՛վ վրացերենը, և՛ աբխազերենը կլինեն պետության պաշտոնական լեզուներ։ Քութայիսիում խորհրդարանը լինելու է երկպալատ, և ֆեդերացիայի երկու սուբյեկտները հավասար ներկայացվածություն կունենան վերին պալատում։ Աբխազիայի նախագահը միշտ կլինի Վրաստանի փոխնախագահը։

Պետք է լինի անցումային շրջան (ասենք 3-5 տարի), որի ընթացքում կինտեգրվեն զինված ուժերը, մաքսայինն ու սահմանային ծառայությունը։ Իհարկե, ֆեդերացիայի ներսում պետք է լինի լիովին ազատ տեղաշարժ և անվտանգության ընդհանուր ռեժիմ»:

Սաակաշվիլիի խոսքով՝ վերջին տասնամյակները լավագույնս ի ցույց դրեցին՝ Աբխազիան միջազգային ճանաչման հնարավորություն չունի։

«Վրաստանի հետ միասին, մեր առաջարկած մոդելով, այն կարող է դառնալ Դաշնության լիարժեք կառույց և Եվրամիության մաս՝ զարգացման և ինքնության պաշտպանության լիարժեք երաշխիքներով»,- նշել է Սաակաշվիլին տարածած հայտարարության մեջ։

Back to top button