ՆորություններՏնտեսական

«Դոլարի և եվրոյի արժեզրկվելը կօգնի, որ ներմուծվող ապրանքներն էժանանան, բայց չպետք է մոռանալ, որ դրանից տուժում են արտահանողները». Գ. Մակարյան

Տնտեսագետ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ դոլարի և եվրոյի արժեզրկվելը կօգնի, որ ներմուծվող ապրանքները էժանանան, բայց դրան զուգահեռ չպետք է մոռանալ, որ դրանից տուժում են արտահանողները:

«Արտարժույթի շուկայի տատանումները պայմանավորված են մի քանի պատճառներով. քանի որ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը հանդիսանում է Ռուսաստանը, և ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Ռուսաստանն իր գործընկերներին առաջարկեց, որ առևտրի համար ռուբլով վճարեն, և Հայաստանում ռուբլու քանակն արհեստականորեն մեծացավ: Այսինքն՝ Հայաստանը հայտնվեց ռուսական ռուբլու ազդեցության տակ, ռուբլին դարձավ ավելի գերիշխող, քան դոլարը կամ եվրոն: Բացի դրանից, վերջին 2 շաբաթվա ընթացքում ռուբլին կայունացավ, նույնիսկ ավելի ամուր դիրքեր գրավեց, քան նախկինում էր: Երկրորդ պատճառն այն է, որ Կենտրոնական բանկը մեկ ամիս առաջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը և դրանով փորձեց թանկացնել վարկերը, բայց զսպեց դրամի արժեզրկումը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ , տնտեսագետ Գագիկ Մակարյանը:

Մակարյանի խոսքով՝ քանի որ ներքին շուկայում շարունակվում են թանկացումները, Կենտրոնական բանկը ստիպված գնաց վերաֆինանսավորման տոկոսադրույքների ճանապարհով և հիմա չի էժանացնում տոկոսադրույքը, որովհետև ռիսկեր է տեսնում, որ դոլարն ու եվրոն նորից կարժևորվեն և նորից թանկացումների պատճառ կհանդիսանան:

Գագիկ Մակարյան

«Մի կողմից տնտեսական խնդիրները, մյուս կողմից էլ սոցիալական խնդիրները պետք է հակակշռել: Այս իրավիճակի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները առաջացել են ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով: Նաև կորոնավիրուսի հետևանքները ամբողջովին չեն հաղթահարվել: Այս բոլորը հանգեցրել է նրան, որ Հայաստանում ապրանքի գները մնում են բարձր»,- ընդգծեց տնտեսագետը:

Գագիկ Մակարյանը նաև մեկնաբանեց, թե Հայաստանի տնտեսության վրա ինչպիսի ազդեցություն են թողնում արտարժույթի շուկայի տատանումները:

«Դոլարի և եվրոյի արժեզրկվելը կօգնի, որ ներմուծվող ապրանքներն էժանանան, բայց դրան զուգահեռ չպետք է մոռանալ, որ դրանից տուժում են արտահանողները: Այս ամենի հետ մեկտեղ կան նաև հարակից խնդիրներ, որովհետև նույն տնտեսության մեջ մեծ նշանակություն ունեն ավանդները՝ մեծ մասը դոլարով կամ եվրոյով, և այս դեպքում այդ մարդիկ իրենց ավանդը հանում են և ավելի քիչ գումար են ստանում, և ստացվում է, որ այն տոկոսներից պիտի օգուտ ստանային, վնասներ են կրում, և բնական է, որ այդ մարդկանց ծախսերը կնվազեն, և դա որոշակիորեն կազդի տնտեսական ակտիվության վրա:

Այն, որ պաշտոնյաներն ասում են՝ տնտեսական ակտիվությունը կայուն է, ճիշտ է, բայց այդ ակտիվությունը հաճախ կարող է տնտեսության զարգացման նշանակություն չունենալ:

Վերջին հաշվով կորոնավիրուսը, պատերազմը տնտեսությունը պասիվ վիճակի են բերել, հիմա կամաց-կամաց տնտեսությունն ակտիվանում է:

Հայաստանի տնտեսության վիճակը եթե հակիրճ նկարագրեմ, ապա հիմա առողջացման, դեպի բարելավման գնացող վիճակում է»,- եզրափակեց տնտեսագետ Գագիկ Մակարյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button