ՆորություններՏնտեսական

«Կենտրոնական բանկին այս պահին ձեռնտու է արժևորված դրամը». Ս. Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ Կենտրոնական բանկը, որ կոչված է նման տատանումները մեղմել, կասեցնել, ըստ էության, այս պահին անգործության է մատնված, քանի որ ԿԲ-ին այս պահին ձեռնտու է արժևորված դրամը:

«Արտարժույթի շուկայում վերջին մեկ տարվա ընթացքում բավականին կտրուկ տատանումներ են գրանցվել, որի արդյունքում բիզնեսը մեծ կորուստներ է կրել: Կենտրոնական բանկը, որ կոչված է նման տատանումները մեղմել, կասեցնել, ըստ էության, այս պահին անգործության է մատնված, քանի որ ԿԲ-ին այս պահին ձեռնտու է արժևորված դրամը, որովհետև դա թույլ է տալիս մի քանի ամսվա ընթացքում ներկրվող ապրանքների գները նվազեցնել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա հիշեցնում է, որ 2022թ. մարտի 15-ին ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8-ից դարձրեց 9,25 տոկոս, այսինքն՝ թանկացրեց դրամը:

«Երբ ԿԲ-ն հայտարարում է, որ չեն միջամտելու արտարժույթի շուկայում, դա սուտ է, քանի որ արդեն միջամտել են, և նաև նրանց միջամտության հետևանքով է, որ հիմա այս փոխարժեքներն են շուկայում: Անշուշտ փոխարժեքների տատանումների վրա ազդել է նաև Ռուսաստանից եկող տրանսֆերտների հոսքը:

Սովորաբար երբ արտարժույթի շուկայում կտրուկ փոփոխություններ են լինում, կենտրոնական բանկերը սահմանափակում են դոլարի փոխանակությունը, իսկ հիմա ԿԲ-ն թույլ է տալիս, որ մարդիկ որքան ուզենան՝ կարողանան դոլարը դրամ դարձնել, որի հետևանքով դոլարի ավելցուկ է առաջանալու: Պիտի նշեմ, որ պահանջարկը նվազել է դոլարի նկատմամբ: Նախկինում մենք դոլարով էինք վճարում Ռուսաստանից ներկրվող էներգակիրների համար, հիմա վճարում ենք ռուբլով:

Այսինքն՝ հիմա մենք ունենք իրավիճակ, երբ դոլարի պահանջարկը նվազել է, դրան գումարած՝ Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ակնհայտ է, որ այս ամենի նպատակը ԿԲ-ի կողմից կանխատեսված 5,5 տոկոս գնաճ ապահովելն է, դա նրանց չի հաջողվելու, բայց այս քաղաքականության արդյունքում արտահանողները մեծ կորուստներ են ունենալու»,- ընդգծեց տնտեսագետը:

Չնայած արտարժույթի շուկայում տեղի ունեցող կտրուկ տատանումներին՝ Հայաստանում գնաճը պահպանվում է: Տնտեսագետը երևույթը այսպես է մեկնաբանում:

«Գործարարներն իրենց համար ստեղծել են «ֆինանսական բարձիկներ», որովհետև նրանք չեն հավատում, որ փոխարժեքի այս վիճակը երկար կպահպանվի: Նրանք տեսել են, թե ինչպես է մեկ շաբաթվա, մեկ ամսվա մեջ դոլարը կտրուկ բարձրանում-իջնում: Գործարարները պարզապես փորձում են կառավարել ռիսկերը՝ ապրանքների գինը պահպանելու միջոցով:

Բացի այդ՝ հայկական շուկայում մենաշնորհներն են գերիշխում, այս տարիների ընթացքում խորացել է Հայաստանի տնտեսության մենաշնորհացման մակարդակը: Գների աճը նաև մենաշնորհացման մակարդակի մասին է խոսում: Մենաշնորհ կազմակերպություններն օգտվում են առիթից, ստանում են գերշահույթ, ավելացնում են շուկայում իրենց մասնաբաժինը, որից տուժում է փոքր ու միջին բիզնեսը: Փոքր ու միջին բիզնեսը միջին խավը ձևավորող կարևոր գործիքներից մեկն է»,-  հայտարարեց Սուրեն Պարսյանը:

Տնտեսագետը քիչ հավանական է համարում, որ այս պայմաններում հնարավոր կլինի գների նվազում:

Անահիտ Չալիկյան

Back to top button