ՆորություններՍպորտ

Վստահում ենք մեր տղաներին, պետք է բավականին լավ հանդես գանք․ Կապառոս

Ազգերի լիգայի Շոտլանդիա-Հայաստան խաղից առաջ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նախախաղային մամուլի ասուլիս է տվել Գլազգոյում։

«Մրցաշարային աղյուսակին այժմ պետք չէ ուշադրություն դարձնել, Իռլանդիայի դեմ խաղն արդեն պատմություն է և մենք գիտակցում ենք, որ հանդիպելու ենք շատ ուժեղ հավաքականի հետ, որի ֆուտբոլիստները շատ մրցունակ են ու հանդես են գալիս բարձրակարգ առաջնություններում։ Պիտի բավականին լավ հանդես գանք։ Մենք վստահում ենք մեր տղաներին և, բնականաբար, հուսով ենք, որ ամեն ինչ լավ կստացվի մեզ համար։

Բոլորս էլ գիտակցում ենք այդ թիմի մակարդակը և գիտենք բոլոր ֆուտբոլիստներին։ Կնշեի ընդհանուր թիմի մրցունակությունն ու թիմային խաղը։

Այո, վստահ եմ, որ Շոտլանդիան վաղը շատ մոտիվացված է լինելու։ Սա շատ նման է մեր դեպքին․ մենք Նորվեգիայի հավաքականից ծանր հարված ստացանք, բայց տղաները շատ էին սպասում Իռլանդիայի դեմ խաղին մեր երկրին ու մեր երկրպագուներին ուրախություն պարգևելու համար։

Անկասկած, այո, Էդուարդ Սպերցյանը հավաքականի ապագան է, բայց ոչ միայն նա՝ Արթուրը, Վահանը, Ստյոպան, նրանք ևս երիտասարդ են ու կարող են համարվել հայկական ֆուտբոլի ապագան։

Ես Շոտլանդիայում խաղալու հաճելի փորձ ունեմ. դա Հենրիկ Լարսոնին նվիրված հանդիպումն էր, ես այն ժամանակ Սևիլյայի գլխավոր մարզիչն էի ու շատ տպավորված էի այս մարզադաշտի մթնոլորտով ու ակումբի մարզաշապիկով ստադիոն եկած մարդկանցով։ Ֆուտբոլի սիրահարների համար դա իսկապես հիանալի ներկայացում էր»,- ասաց մարզիչը։

Հիշեցնենք, որ խաղը կկայանա հունիսի 8-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։

armsport.am

Back to top button