Նորություններ

«Այս շարժումը կմարի, երբ Ռուսաստանը հարկ համարի». Ս. Սարոյան

Քաղաքագետ Սարո Սարոյանի խոսքով՝ այս շարժումը կմարի, երբ Ռուսաստանը հարկ համարի, որ այդ գործիքը այլևս պետք չէ, և այդ գործիքը դուրս կգա քաղաքական օրակարգից:

«Խորհրդարանական ընդդիմությունը չէր կարող ինքնուրույն որոշել նման կարգի քաղաքական գործընթաց սկսել, դա Ռուսաստանի կողմից որոշակի քաղաքականություն է՝ կապված այն գործընթացների հետ, որոնցում ներգրավված է Հայաստանը: Ռուսաստանը հարկ է համարել, որ Հայաստանում որոշակի քաղաքական ուժեր իշխանափոխության գործընթաց սկսեն, որը «Դամոկլյան սրի» նման կախված կլինի ներկա վարչախմբի գլխին, և վարչախումբը հավակնություն չի ունենա Արևմուտքի հետ, Ռուսաստանի միջնորդական առաքելությունից դուրս ինչ-որ այլ գործընթացների մասնակիցը դառնալու և չանեն այնպիսի քայլեր, որը դեմ կգնա Ռուսաստանի շահերին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սարո Սարոյանը:

Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանն այդ «Դամոկլյան սուրը» կախել է վարչախմբի գլխին, որպեսզի եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանի և վարչախմբի մտքով անցնի դուրս գալ ռուսական կողմնորոշումից, դա դարձնի գործիք:

«Այդ քաղաքական ուժերը, ըստ էության, մտածում են, որ դա իրենց առջև դրված խնդրի համար բավարար է: Խորհրդարանական ընդդիմությունը չունի այնպիսի լծակներ, որոնք իշխանափոխության խնդիրը կլուծեն, նրանց մտահորիզոնը սահմանափակվում է այն գործիքակազմով, որ իրենք ենթադրում են, որը կգա Կրեմլից և այդ ուժերին աջակցություն կբերի իշխանափոխություն իրականացնելու համար: Շարժում ասվածը բնականաբար Հայաստանի օրակարգով, Հայաստանի ժողովրդի նպատակադրումներով չէ: Հետևաբար այս շարժումը կմարի, երբ Ռուսաստանը հարկ համարի, որ այդ գործիքն այլևս պետք չէ, և այդ գործիքը դուրս կգա քաղաքական օրակարգից:

Ընդդիմության այս գործողություններին ուրիշ բացատրություն չկա, իսկ այն բացատրությունները, որ իբրև ժողովրդին մոբիլիզացնում ենք, էս-էն. ոչ մի էդպիսի բան չկա, ընդամենը ակտիվ, փողոցային վիճակն են պահում, նրանք ընդամենը իրենց առջև դրված խնդիրն են լուծում:

Խորհրդարանական ընդդիմությունը չունի նոր բան ասելու կամ առաջարկելու, անգամ ծրագրային հիմքով էլ չեն հանդես եկել»,- ընդգծեց Սարո Սարոյանը:

Ըստ Սարոյանի՝ ժողովուրդը հասկանում է, որ գործ ունի մի իրավիճակի հետ, որտեղ իր քայլերը կարող են իր դեմ աշխատել, և դա շատ լավ իմանալով՝ չի ուզում խորացնել ճգնաժամը:

«Մյուս կարևոր պատճառն այն է, որ փողոց դուրս գալու համար վստահություն ներշնչող միավորներ են պետք: Ընդդիմությունը երբեք էլ հանրության մոտ վստահություն չի ունեցել և չի էլ ունենալու, դրա համար հանրային շրջանակները բոլորովին այլ կերպ են նայում. իրենք դուրս գան փողոց, որ ի՞նչ: Դուրս գան փողոց, որ նախկին կոռումպացված խմբին հնարավորություններ տան, որ նորից երկրի ղեկին վերադառնա՞ն և շարունակե՞ն իրենց արատավոր վարքը, որը նախորդ տասնամյակներում տեսել են»,- եզրափակեց քաղաքագետ Սարո Սարոյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button