ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Կարգավորման երկու մրցակցող ձևաչափերի զուգահեռ գոյությունը ձեռնտու է Ադրբեջանին». Բ. Նավասարդյան

«Ինչպես անընդհատ նշում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, բրյուսելյան ձևաչափը կրում է զուտ միջնորդական բնույթ և որոշումներ ընդունելու և, առավելապես, պարտադրելու իրավասություն չունի։ Ալիևի հայտարարությունները Արցախի հարցի լուծված լինելու և էքստերիտորիալ միջանցքի մասին, այն էլ Թուրքիայի հետ համատեղված՝ դրդեցին Միշելի գրասենյակի անունից հայտնել այդ պնդումների անհիմն լինելու վերաբերյալ»։

Այս մասին ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման ընթացքում հայտարարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

«Բնական է, երբ բանակցող կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում բանակցությունների ընթացքը և արդյունքները, փորձում են դրանք ներկայացնել իրենց համար առավել շահավետ կերպով և այդպիսով նաև ուղղորդել դրանց հետագա ընթացքը, սակայն Ալիևը ակնհայտորեն չարաշահում է այդ հնարավորությունը, ինչի կապակցությամբ և արձագանքեց Բրյուսելը։ Ադրբեջանը ամեն կերպ խոչընդոտում է բրյուսելյան ձևաչափի դոմինանտ դառնալուն, փորձում է իր համար թողնել ընտրության հնարավորություն երկու ձևաչափերի միջև, որպեսզի կարողանա ընտրել իր համար ամենաձեռնտու լուծումները»,-ընդգծեց Նավասարդյանը։

Բորիս Նավասարդյանը չի բացառում, որ ի վերջո Ադրբեջանը գերադասի եռակողմ ձևաչափը, որտեղ տաբուներ չկան, և կա միայն շահերի ընկալում և դրանց շուրջ պայմանավորվելու լայն հնարավորություն։

«Եթե հետագայում երկու ձևաչափերը սկսեն համակարգվել, ապա դա ինքնին կբերի Մինսկի ձևաչափի որոշակի վերականգնմանը, որովհետև այստեղ ներգրավված կլինեն երեք համանախագահները։ Ուկրաինայում ընթացող պատերազմը դրդում է Արևմուտքին ակտիվ դիվանագիտական աշխատանք տանել բոլոր ուղղություններով, որպեսզի հնարավորություն չտրվի Ռուսաստանին արտաքին քաղաքական դաշինքներ ստեղծելու։ Այդ ընդհանուր քաղաքականության դրսևորումներից է և ակտիվացումը մեր տարածաշրջանում և, մասնավորապես, Հայաստանի հետ հարաբերություններում, ինչը արևմտամետ և միաժամանակ իշխանամետ ուժերի կողմից ներկայացվում է որպես կառավարության հաջողված արտաքին քաղաքականության հետևանք»,-նշեց բանախոսը։

Անդրադառնալով ներքին քաղաքական իրավիճակին, պարոն Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում խորհրդարանական մոդելի կայացումը չի կարող հաջողել ժողովրդավարական քաղաքական կուսակցությունների բացակայության պայմաններում և, առաջին հերթին, «Քաղաքացիական Պայմանագիր» կառավարող կուսակցության փաստացի մեկ անձի կամքը և կարծիքները արտահայտող կառույց լինելու պայմաններում։

«Ընդհանրապես, այսօրվա կառավարման ոճը ծայրահեղ ավտորիտար է, պարոն Փաշինյանը միանձնյա որոշում է ողջ կառավարման գործընթացը։ Եթե իրավիճակը չփոխվի, ապա դա ծանր հետևանքներ կունենա»,-հայտարարեց Բորիս Նավասարդյանը։

Back to top button