Նորություններ

48-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Mercedes Vito-ով քարերին բախվելով՝ հայտնվել է դաշտում. կա վիրավոր

Երեկ՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 48-ամյա Սերգեյ Թ-ն իր վարած Mercedes Vito մակնիշի ավտոմեքենայով Ձորաղբյուր-Մայակովսկի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սերգեյ Թ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է ոչ սթափ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Back to top button