Նորություններ

Ասկերանի շրջանի Լուսաձոր համայնքում ջուր ստանում են շաբաթական մեկ ժամով

ԱՀ Ասկերանի շրջանի Լուսաձոր համայնքը ջրի խնդիր ունի, որի պատճառով բնակիչները բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ լիարժեք զբաղվել չեն կարող։

Այս մասին «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում նշել է Լուսաձորի համայնքապետ Միքայել Այվազյանը։ Նրա խոսքով՝ ջուր ստանում են շաբաթական մեկ ժամով։

«Համայնքում 330 բնակիչ է ապրում ու արարում։ Նրանց մեծ մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Այս տարի ցանել ենք գարի, ցորեն, կորնգան և այլ տեսակի գարնանացան մշակաբույսեր։ Մարդիկ նաև մանր եղջերավոր անասուններ են պահում»,-նշել է Այվազյանը։

Նա տեղեկացրել է, որ գյուղում հարյուր երեխա կա։ Նրանց համար «Բարի Արցախ» նախագծի շրջանակներում խաղահրապարակ է կառուցվել։

«Հետպատերազմական շրջանում տեղահանված շուրջ քառասուն ընտանիք է հաստատվել մեզ մոտ՝ 155 բնակչով։ Պատերազմի հենց առաջին օրը յոթ տուն է վնասվել. մի մասը վերականգնվել է»,-ասել է համայնքապետը։

Մ. Այվազյանի խոսքով՝ գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, սակայն ցանցը գյուղի ողջ տարածքում նույն հզորությամբ չէ, որ գործում է։

«Բուժկետը մի քանի տարի առաջ վերանորոգվել է ՀՕՖ-ի կողմից։ Համայնքային կենտրոնի շենքը գտնվում է վթարային վիճակում, որտեղ գործում են նաև գրադարանն ու ակումբը։ Սակայն առկա բոլոր խնդիրները չեն խանգարում, որ համայնքում շարունակեն արարել ու շենացնել հայրենիքը»,-նշել է համայնքի ղեկավարը։

Back to top button