Նորություններ

«Մամ ջան, էնպես ենք պահում Թալիշի օդը, որ ճանճ էլ չի կարողանում մտնի». Սիփանը շատ էր հպարտանում, որ Արցախում է ծառայում

«Սիփանը շատ էր հպարտանում, որ Արցախի Թալիշում է ծառայում: Ասում էր՝ մամ ջան, ամեն տղա չի կարող էստեղ ծառայի»

«Սիփանը 9 ամսվա ծառայող էր պատերազմի ժամանակ, Մատաղիսում էր ծառայում, երդմնակալության արարողությունից հետո տեղափոխվեց Երևան՝ Մուղնու զորամաս, որտեղ հակաօդային պաշտպանություն է սովորել: Մուղնու զորամասից տեղափոխեցին Արցախ, և ծառայությունը շարունակեց Թալիշում: Նոր էր իջել դիրքերից, և սկսվեց չարաբաստիկ պատերազմը: Սիփանս զոհվել է պատերազմի երկրորդ օրը, Թալիշի դիրքերը հետ վերցնելուց հետո՝ վերադառնալիս, անօդաչու թռչող սարքը մխրճվել է զինվորներին տեղափոխող մեքենայի մեջ: Որդիս բեկորային վիրավորում է ստացել, և մինչև տեղափոխել են Մատաղիսի բուժկետ, երեխաս չի դիմացել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Սիփան Սողոմոնյանի մայրը՝ Կարինե Մարյանյանը:

Սերժանտ Սիփան Արմանի Սողոմոնյանը ծնվել է 2001թ. նոյեմբերի 26-ին Երևանում: Սիփանը 10 տարի զբաղվել է սպորտով. ըմբշամարտիկ է։ Ավարտելով օլիմպիական պետական քոլեջը՝ 2019 թվականին զորակոչվել է պարտադիր ժամկետային ծառայության:

«Ծառայությունից երբեք չի դժգոհել, որ Երևանի զորամասում էր ծառայում, անհանգիստ էր, ասում էր՝ այ մամ ջան, տղան էլ Երևանում ծառայի, տղայի տեղը Արցախում է, տղան պիտի Արցախում ծառայի: Շատ էր հպարտանում, որ Արցախի Թալիշում էր ծառայում: Ասում էր՝ մամ ջան, էնպես ենք պահում Թալիշի օդը, որ ճանճ էլ չի կարողանում մտնի: Ասում էր՝ մամ ջան, ամեն տղա չի կարող էստեղ ծառայի:

Սիփանիս վերջին անգամ երդմնակալության օրն ենք տեսել ու էլ չտեսանք, կարանտին էր, արգելում էին տեսակցությունները:

Երևանի զորամասում 6 ամիս սովորեց, էդ 6 ամսվա մեջ մի անգամ չտեսանք…, վերադարձավ Արցախ, և երկու ամիս հետո պատերազմը սկսվեց:

Վերջին անգամ սեպտեմբերի 26-ին եմ խոսել տղայիս հետ… ինտերնետում կարդացի, որ շարժ է նկատվում, Ադրբեջանը զորքեր է տեղակայում. զանգեցի Սիփանին, չէր պատասխանում կամ անհասանելի էր: Երկու ժամ հետո հետ զանգեց, ասացի՝ տղես, ինտերնետում էսպիսի բաներ եմ կարդացել, ասաց՝ մամ ջան, նման բան չկա, ու թեման փոխեց:

Լույսը բացվեց, արդեն իմացանք, որ Արցախում պատերազմ է, ու էլ զանգ չենք ստացել Սիփանից:

Ես որևէ վատ կանխազգացում չեմ ունեցել, ես վստահ էի, որ իմ Սիփանի հետ չի կարող ոչինչ պատահել:

Ես տղայիս զոհվելու մասին ամսի 30-ին եմ իմացել, մինչև ամսի 30-ը սպասում էի, որ կզանգի, մտածում էի՝ կապ չկա, կամ չեն թույլատրում, կամ հարմար չէ. ամեն ինչ մտածում էի, բայց ոչ զոհվել»,- պատմում է հերոսի մայրը:

«Սիփանը լուրջ էր, հավասարակշռված, սկզբունքային. մշտապես տարբերվել է իր հասակակից տղաներից: Մեկ-մեկ ասում էի՝ տղա ջան, ե՞ս եմ քեզ դաստիարակել, թե՞ դու ես մեզ դաստիարակում:

Փակ էր, միայն ասում էր՝ մամ, կգամ, կորոշենք. ինչ ծրագրեր, նպատակներ ուներ, չի ասել: Ասում էր՝ դուք լավ եղեք, մինչև գամ… էդպես էլ երեխես չեկավ»,- եզրափակեց Արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Սիփան Սողոմոնյանի մայրը՝ Կարինե Մայրանյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button