Նորություններ

Արտակ Բեգլարյանի հարցազրուցի պատճառով Ադրբեջանն իր տարածքում արգելափակել է «ՌԻԱ նովոստի»-ի կայքի հասանելիությունը

Երեկ երեկոյան ադրբեջանական մերձիշխանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի ծավալուն հարցազրույցը հրապարակելու պատճառով պաշտոնական Բաքուն Ադրբեջանի տարածքում արգելափակել է Ռուսաստանի Դաշնության պետական լրատվական գործակալության՝ «ՌԻԱ նովոստի»-ի կայքի հասանելիությունը:

Հաղորդագրության մեջ նշվում էր, որ սույն հարցազրույցը «հակասում են Ադրբեջանի և Ռուսաստանի միջեւ բարեկամության, անվտանգության և ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի և Դաշնակիցների փոխգործակցության մասին հռչակագրի դրույթներին»։

Հիշեցնենք, որ «ՌԻԱ նովոստի»-ին հունիսի 3-ին հրապարակել էր Արցախի պետնախարարի հետ արված հարցազրույցը, որտեղ առանց վերապահումների հստակ ձևակերպել էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նախարար»: Հավանաբար այս եզրույթի օգտագործումն էլ զայրացրել է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներին:

Ավելի ուշ ՌԻԱ նովոստին» դիմել է Ադրբեջանի ԱԳՆ՝ պարզաբանում ստանալու նպատակով, ինչին ի պատասխան այդ երկրի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակը ոչ միայն վերահաստատել է ավելի վաղ տարածած ադրբեջանական մամուլի տեղեկությունը, այլև նշել է, որ հարցազրույցում տեղ գտած գաղափարներն «սպառնում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինչը խորը ափսոսանք է առաջացրել»:

Back to top button