Նորություններ

«Անկլավների վերաբերյալ որևէ իրավական փաստաթուղթ չկա. դրանց վերադարձը ռազմավարական առումով լուրջ հարված կհասցնի Հայաստանին»

ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանի կարծիքով՝ Ադրբեջանի շտապողականության, ճնշման պայմաններում դեմարկացիա և դելիմիտացիա անելը հայկական կողմի համար չի կարող լինել արդյունավետ:

«Ադրբեջանի շտապողականության, ճնշման պայմաններում դեմարկացիա և դելիմիտացիա անելը հայկական կողմի համար չի կարող լինել արդյունավետ: Ադրբեջանն ակնկալում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում Հայաստանի կողմից, որի տակ նրանք հասկանում են Արցախը Ադրբեջանի կազմում: Դեռ խորհրդային տարիներին ենք ասել, որ Արցախն ուներ ինքնավար մարզի կարգավիճակ, բայց դա չի նշանակում, որ Արցախն ամբողջապես Ադրբեջանի մաս էր կազմում, որովհետև ԼՂԻՄ-ը ազգային-պետական կազմավորում էր, որի հիմքի վրա Շահումյանի շրջանի հետ միասին ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991թ.-ի սեպտեմբերի 2-ին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանը։

Մելքոնյանի խոսքով՝ եթե դեմարկացիայի և դելիմիտացիայի բանակցությունների ժամանակ ևս մեկ անգամ նշվի, որ Արցախն Ադրբեջանի մաս է դառնալու, բնականաբար, դա պիտի հայկական կողմի համար անընդունելի լինի:

«Ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ դեմարկացիան և դելիմիտացիան հայկական կողմի համար ավելի շահեկան կլինի, եթե գործընթացն իրականացվի 1920-ից մինչև 1926թ.-ի քարտեզներով: 1920-30 ական թվականներին, երբ Հայաստանը մտնում էր Անդրկովկասյան դաշնության կազմի մեջ, և սահմանային փոփոխությունները տեղի էին ունենում դաշնության կենտրոնական գործադիր կոմիտեի որոշումով, հայկական կողմի շահերը բացարձակապես հաշվի չեն առնվել, ինչի հետևանքով էլ կորցրել ենք Վարդենիսի շրջանի լճերի տարածքը, ինչպես նաև Կապանի շրջանի 20-ից ավելի գյուղեր։

Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ եթե դեմարկացիան և դելիմիտացիան իրականացվի 70-ականների քարտեզներով, ապա սահմանների հարցում նոր զիջումների անհրաժեշտություն կլինի: Այսինքն՝ օրակարգ է նետվում անկլավների հարցը, բայց անկլավների վերաբերյալ որևէ իրավական փաստաթուղթ չկա, և զուտ քարտեզները հիմք չեն կարող լինել դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու համար:

Այսպես կոչված, անկլավների վերադարձը ռազմավարական առումով լուրջ հարված կհասցնի Հայաստանին, որովհետև դեպի Վրաստան տանող ճանապարհների վրա գտնվող այդ անկլավները կդառնան վերահսկելի Ադրբեջանի կողմից, և բնական է, որ Հայաստանի համար այդ ճանապարհները կդառնան անանցանելի: Նույնը նաև Տիգրանաշենի, այսպես կոչված, Քյարքիի ճանապարհները դեպի Պարսկաստան և Արցախ կդառնան անանցանելի:

Առաջին արցախյան պատերազմից հետո հայկական և ադրբեջանական կողմերի միջև փոխադարձ համաձայնություն էր ձեռք բերվել անկլավներն անփոփոխ կարգավիճակում թողնելու մասին, հիմա Ադրբեջանը, օգտվելով պատերազմից հետո իր համար ստեղծված բարենպաստ վիճակից, փորձում է ճնշումներով ստիպել Հայաստանին, որպեսզի նոր զիջումների գնա»,- եզրափակեց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանը։

Անահիտ Չալիկյան

Back to top button