Նորություններ

«Իմ գլխավոր երազանքը տուն ունենալն է. ուզում եմ ընտանիք կազմել ու Հայրենիքին արժանի զավակներ դաստիարակել». պատերազմի մասնակից

Սասուն Սերգեյի Բաղդասարյանն Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է: Սասունը  ծնվել է Արցախի Հադրութ քաղաքում, այս պահին տատի հետ ապրում է Երևանում: Կորցրել են իրենց տունը, բայց չեն նեղվում, պատերազմի մասնակիցն ասում է՝ ժամանակի հարց է, կստեղծեմ ամեն ինչ, միայն թե մի թեթև ձեռք մեկնեն: Սասուն Բաղդասարյանը պատերազմի ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայող էր, ծառայել է Ջրականում՝ Ջաբրայիլում: Պատերազմի առաջին իսկ օրից կռվել է Ջրականում:

Սասուն Բաղդասարյանը պահնորդ է աշխատում, միայն տան վարձն է հասցնում տալ: Պատերազմի մասնակիցը սոցիալական աջակցության կարիք ունի, ծանր պայմաններում են ապրում:

«Նոյեմբերի 3-ին վիրավորում ստացա՝ ոտքի և գլխի հատվածում, ինձ ուզում էին հոսպիտալ տանել, բայց ես հրաժարվեցի բուժօգնությունից, որովհետև անհնար էր մարտի դաշտից դուրս գալը, ես իմ ընկերներին ո՞նց կարող էի մենակ թողնել: Ես ինձ վիրակապեցի ու շարունակեցի իմ ընկերների  հետ կռվելը: Կռվի ժամանակ դու քո մասին չես մտածում, միայն մի բանի մասին ես մտածում՝ հաղթելու:

Հետո շրջափակման մեջ ընկանք, մեզ հաջողվեց դուրս գալ շրջափակումից… Հիշողությունները ծանր են, պատերազմը իրենն արել է: Հոգեբանորեն լարվում եմ, երբ հիշում եմ պատերազմի օրերը, շատ դաժան բան է, երբ ընկերդ մարտի դաշտում քո աչքի առաջ մահանում է, էնքան բաների միջով ենք անցել պատերազմի օրերին: Պատերազմը փոխում է մարդուն, կյանքի, ապագայի մասին պատկերացումները, և մի բան հստակ է, որ մինչև այդ ամենի միջով չանցնես, չես կարող գնահատել պատերազմի վատ գինը և ինչ է իրենից ներկայացնում պատերազմը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցը:

Սասունն ասում է՝ մենք մարտական էինք տրամադրված, չնայած ուրիշ կերպ չէր էլ կարող լինել. դա կյանքի մի հատված էր, որ լրջություն և պատասխանատվություն էր պահանջում: Կամաց-կամաց համակերպվում է նոր իրավիճակին, ասում է՝ ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչ հոգեվիճակի մեջ են այն մարդիկ, ովքեր իրենց տունն են կորցրել:

«Հիմա իմ գլխավոր երազանքը իմ տունը ունենալն է, երբ գլխիդ տուն ունես, խիղճդ էլ է հանգիստ, միտքդ էլ: Ես ուզում եմ ընտանիք կազմել ու Հայրենիքին արժանի զավակներ դաստիարակել, մեր սերունդը կռվել է մինչև վերջին շունչը, մենք չենք ընկրկել: Ես սա չեմ ասում, որ ինձ գովեն կամ ասեն, որ ես հերոս եմ: Ես դա արել եմ իմ Հայրենիքի համար, և դա իմ, նրա ու յուրաքանչյուր հայ մարդու պարտականությունն է: Մենք կռվելուց գիտեինք՝ ինչի համար ենք կռվում և ինչպիսի պատասխանատվություն է դրված մեր ուսերին: Պատերազմից հետո է հոսպիտալում բուժում ստացել»:

Նրա խոսքով՝ պատերազմից հետո բոլորը մոռանում են զինվորների մասին, միայն պատերազմի ժամանակ են կարևորում զինվորին:

Անահիտ Չալիկյան

Back to top button