Ուշագրավ մանրամասներ Սարդարապատի հուշահամալիրի կառուցման աշխատանքներից

Սարդարապատի ճակատամարտում տարած հաղթանակի առիթով 60-ական թվականներին Արմավիրի մարզի Արաքս գյուղի բարձունքում սկսվեցին Սարդարապատի հուշահամալիրի կառուցման աշխատանքները։ Ըստ պատմական ակնարկների՝ հենց այդ հատվածում էր տեղի ունեցել հաղթական ավարտը։ Հուշահամալիրի կառուցման հեղինակը Հայաստանի արվեստի և մշակույթի գործիչ, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն էր, քանդակագործները՝ Արշամ Շիրինյանը, Սամվել Մանասյանը և Արա Հարությունյանը։
Հուշահամալիրը բաղկացած է ինքնուրույն ճարտարապետական և քանդակագործական կոմպոզիցիաներից, որոնք միասնաբար փոխանցում են հայ ժողովրդի պատմական արժեքները՝ Սարդարապատի ճակատամարտում տարած հաղթանակի դերի ու նշանակության մասին։ Հիշեցնենք, որ Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918թ․ մայիսի 21-27-ը, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև: Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «20-րդ դարի Ավարայր»: