Նորություններ

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 30-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին. վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:  Ժամը 07:25-ի սահմաններուն Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Մակիչ Գևորգյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 96-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի վրա ճամփեզրի բետոնե պատնեշներին և կողաշրջվել:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Տաթևիկ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  Գյումրու բժշկական կենտրոն:

 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր քաղաքացիների օգնությամբ ավտմեքենայից դուրս են բերել վիրավորին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Գյումրու հիվանդանոցի շտապօգնության մեքենային: Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի պարկեները՝  գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Հրաչ Ալեքսանյանի գլխավորությամբ:

 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Դավիթ Եսոյանը, Աղաս Խաչատրյանն ու կրտսեր պարեկ Արթուր Ղազարյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:

 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ավագ հետաքննիչ  Ռոման Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

Հետաքննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պահպանվող հատուկ տարածք:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ (խմած):

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button