Նորություններ

«Սահմանագծում և սահմանազատումը ավելի մեծ պատերազմի է նախապատրաստում». ռազմական փորձագետ

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը հակված չէ այն կարծիքին, որ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները կայունություն կբերեն: Սահմանագծումը և սահմանազատումը ավելի մեծ պատերազմի է նախապատրաստում, ոչ թե մեր սերունդների, այլ հաջորդ սերունդների համար:

«Ադրբեջանի բոլոր սադրանքները մեկ նպատակ են հետապնդում, այսինքն՝ ռազմական ճանապարհով լուծել հարցերը, և այսօրվա հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում տեղի ունեցած սադրանքը և մյուս սպասվող սադրանքները այդ համատեքստում են տեղավորվում:

Այնպես որ, Ադրբեջանի ռազմական քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել, այսինքն՝ ինչին փորձում է հասնել դիվանագիտական ճանապարհով, ապա դա փորձում է իրականություն դարձնել սահմանին լարվածություն ստեղծելու միջոցով»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը:

Ռազմական փորձագետը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին, հայտարարեց. «Ես հակված են այն մտքին, որ այդ հանձնաժողովը դատապարտված է չգործելու, որովհետև հանձնաժողովը, ըստ էության, ոչ թե մասնագիտական հանձնաժողով է, այլ քաղաքական հանձնաժողով է, և այն ավելի շատ ուղղված է արտաքին խաղացողներին: Ադրբեջանը ցույց է տալիս, որ ինքը ևս կողմ է խաղաղության դարաշրջանին և ամեն ինչ անում է դրա համար:

Այդ հանձնաժողովը ոչինչ չի կարող անել, որովհետև ամենափոքր խնդրահարույց հարցի դեպքում պրոցեսը կտանի փակուղի: Ես հակված չեմ մտածելու, որ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները սահմանին կայունություն կբերեն: Ես միշտ ասել եմ, որ դա սերունդներին պատերազմ կտակելու միջոց է դառնում: Սահմանագծում և սահմանազատումը ավելի մեծ պատերազմի է նախապատրաստում, ոչ թե մեր սերունդների, այլ հաջորդ սերունդների համար»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Ռազմական փորձագետը, անդրադառնալով Ադրբեջանի փոխարտգործնախարարի հայտարարությանը, որ Հայաստանը Ադրբեջանին պետք է վերադարձնի գյուղեր Տավուշի և Արարատի մարզերից, հայտարարեց. «Ադրբեջանն արդեն խաղաղության պայմանագրի շուրջ առաջ է քաշում իր նախապայմանները, որոնք մերժվում էին Հայաստանի իշխանությունների կողմից, մերժվել են հայտարարությունների տեսքով: Եթե ամեն դեպքում կան այդպիսի խոսակցություններ, կամ բանակցությունների ընթացքում Ադրբեջանի կողմից նման ակնարկներ եղել են, և Հայաստանը չի կարողացել համապատասխան արձագանքով չեզոքացնել դրանք, ապա Ադրբեջանը շատ հանգիստ այդ լռությունը կարող է դրական ազդակ հասկանալ»,- ընդգծեց Կարեն Հովհաննիսյանը։

Ըստ փորձագետի՝ եթե իսկապես այդ թեմայի շուրջ բանակցություններ չեն եղել, ապա կարող ենք ասել, որ Ադրբեջանը միանշանակ հող է նախապատրաստում թե՛ Տավուշի, թե՛ Արարատի մարզերի նկատմամբ ռազմական ոտնձգությունների համար:

Անահիտ Չալիկյան

Back to top button