ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Արևմուտք-Ռուսաստան շահերի բախումը շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար. կարող է բացվել երկրորդ ճակատը»

Բրյուսելյան հանդիպումից վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը առանձնացնում է Շարլ Միշելի օգտագործած «Ղարաբաղի էթնիկ հայկական բնակչություն» (the ethnic Armenian population in Karabakh) ձևակերպումը։

Ասում է՝ շատ ավելի ճիշտ կլիներ, եթե այս հարցն ընդհանրապես կայացած հանդիպման ժամանակ չշոշափվեր և ԵԽ նախագահն այդ մասին ոչինչ չասեր:

«Ինչո՞ւ Շարլ Միշելը նման բան ասաց… Ես կարծում եմ՝ սխալն ավելի վաղ էր տեղի ունեցել, երբ Նիկոլ Փաշինյանը խոսել էր նշաձողի իջեցման մասին: Նա ընդհանրապես պետք է նշաձողի մասին չխոսեր: Ո՞վ էր իր լեզվից քաշում»,- ասում է Արմեն Բաղդասարյանը:

Նա նշում է՝ հայտարարության նման շեշտադրումն ավելի շուտ զիջում էր Ադրբեջանին.

«Որովհետև նա նշաձողն էլ ավելի իջեցրեց, և Արցախի հայկական բնակչությանն ուղղակի ներկայացրեց որպես Ադրբեջանի շարքային փոքրամասնություն, ինչպես լեզգիները կամ թալիշները: Խնդիրն այն է, որ դա էթնիկ հայ բնակչության իրավունքների հարց չէ, դա ինքնորոշման իրավունքի հարց է, դա պետական կազմավորման անվտանգության երաշխիքների հարց է: Անվտանգային երաշխիքները իրենց հերթին ենթադրում են միջազգային երաշխիքներ, Արցախի կարգավիճակ, որը նրանց իրավունք կտա զինված ուժեր, սահմանադրություն և այլն… և ոչ թե ազգային փոքրամասնությունների իրավունքների հարց, ինչպես շատ կցանկանար ներկայացնել Ալիևը, որը հաճույքով հայտարարում է, որ նրանց իրավունքները պաշտպանված կլինեն այնպես, ինչպես Ադրբեջանի բոլոր քաղաքացիների իրավունքները: Բայց մենք գիտենք, որ դա այդպես չէ, մենք գիտենք, որ Արցախը երբե՛ք դա չի ընդունելու»:

Back to top button