ՄիջազգայինՆորություններ

Իրաքի խորհրդարանն օրենք է ընդունել՝ քրեականացնելով Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկացած փորձ

Իրաքի խորհրդարանը օրենք է ընդունել, որով արգելվում է Իսրայելի հետ հարաբերություններ կարգավորելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

Օրենքն առաջարկվել է շիա հոգևոր ազդեցիկ առաջնորդ Մուքթադա Ալ-Սադրի կողմից, ում գլխավորած կուսակցությունը  հոկտեմբերին կայացած ընտրություններում ամենաշատ տեղերն էր ստացել խորհրդարանում:

«Օրենքի հաստատումը ոչ միայն իրաքցի ժողովրդի հաղթանակն է, այլև Պաղեստինի և Հեզբոլլահի հերոսների համար է Լիբանանում»,-ասել է իրաքցի շիա օրենսդիր Հասան Սալիմը:

Ուշագրավ է, որ Իրաքի խորհրդարանը չի կարողացել գումարվել որևէ այլ հարցի, այդ թվում՝ նոր նախագահի ընտրության և նոր կառավարության ձևավորման շուրջ:

Իրաքը երբեք չի ճանաչել Իսրայել պետությունը հիմնադրումից ի վեր: Իրաքի քաղաքացիներն ու ընկերությունները չեն կարող այցելել Իսրայել, սակայն նոր օրենքն ավելի հեռուն է գնում՝ մասնավորապես քրեականացնելով Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկացած փորձ:

Այս օրենքի ընդունման կապակցությամբ հայտարարություն է տարածել Պետդեպարտամենտը, ըստ որի՝ այս օրենքը «ի լրումն խոսքի ազատության սպառնալիքի և հակասեմականության միջավայրի խթանման, բացահայտորեն հակասում է հարևան երկրների և Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը»:

Նշենք, որ Պարսից ծոցի որոշ երկրներ, այդ թվում՝ ԱՄԷ-ն և Բահրեյնը կարգավորել են Իսրայելի հետ հարաբերությունները՝ փոխադարձաբար դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելով:

Back to top button