ՄիջազգայինՆորություններ

Թուրքիան նախապատրաստվում է Սիրիա ներխուժելուն

Թուրքական մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու հնարավորությունը, որի մասին օրերս հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թեմայի շուրջ մանրամասներ է ներկայացրել թուրքական Haberturk լրատվամիջոցի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերը համակարգող Չեթիներ Չեթինը:

Վերջինս նշում է, որ այս օրերին թուրքական ռազմական մեքենաները նախ հասել են թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող Ադանա նահանգ, ապա տեղափոխվել սահմանամերձ շրջաններ:

«Նախապատրաստական աշխատանքների 90 տոկոսն ավարտին է հասցվել: Գործընթացի վերաբերյալ որոշումը պատկանում է Էրդողանին: Ռազմական գործողությունը սահմանափակվելու է Եփրատ գետի արևմտյան հատվածով: Թել Ռըֆաթը Թուրքիայի համար գլխացավանք է: Իսկ Եփրատից արևելք դրությունն այլ է:  «Սիրիայի Ազատ բանակ» խմբավորման կազմում գտնվող արաբները ցանկանում են նաև Մանբիջը գրավել»,- նշել է Չեթինը:

Հիշեցնենք, որ Էրդողանը մայիսի 23-ին կայացած կառավարության նիստի ավարտից հետո ասուլիս էր տվել, որի ընթացքում հայտնել էր առաջիկայում Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու մասին:

ermenihaber.am

Back to top button