ՄիջազգայինՆորություններ

The New York Times. Իսրայելն է կանգնած ԻՀՊԿ-ի սպայի սպանության հետևում

Իսրայելի իշխանություններն ԱՄՆ-ի վարչակազմին ծանուցել են, որ իրենք են կանգնած ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) սպա Սայյադ Խոդայիի սպանության հետևում։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ հետախուզական շրջանակների իր աղբյուրները։

Ըստ The New York Times-ի՝ Խոդայիի սպանության նպատակը «Իրանին նախազգուշացնելն էր»՝ կանխելու «օտարերկրացիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և Իսրայելի իշխանությունների ներկայացուցիչների սպանությունների» հավանական գործողությունները: Թերթի աղբյուրները պնդում են, որ Խոդային եղել է ԻՀՊԿ գաղտնի ստորաբաժանման հրամանատարության կազմում, որն իբր իրականացնում է այդ գործունեությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 22-ին անհայտ անձինք կրակել են Խոդայիի մեքենայի վրա, որը Թեհրանի կենտրոնական փողոցներից մեկով տուն էր գնում։ Ավտոմեքենային մոտոցիկլետով երկու մարդ էր մոտեցել և կրակել։ Նրանք 5 փամփուշտ էին արձակել ԻՀՊԿ սպայի վրա։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ երկրի իշխանությունները վրեժ են լուծելու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գնդապետի սպանության համար։

Back to top button