Նորություններ

Ամենակարևորը ռուս սահմանապահների դերակատարումն է բնակչության անվտանգության ապահովման հարցում. Սյունիքի մարզպետը` ՌԴ դեսպանին

Մայիսի 25-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

Հանդիպմանը մասնակցել են նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, ռուսական սահմանապահ ծառայության հրամանատարության, ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչության անդամներ։

Մարզպետը շնորհակալություն է հայտնել դեսպանին` մարզ այցելելու համար, նաև շեշտել հայ-ռուսական բարեկամության ու բոլոր ոլորտներում համագործակցության կարևորությունը մարզի համար։

Ռոբերտ Ղուկասյանը նշել է նաև Սյունիքի խոշոր ձեռնարկություններում ռուսական կապիտալի ներկայության մասին, բայց հավելել, որ մարզի կյանքում ամենակարևորը ռուս սահմանապահների դերակատարումն է բնակչության անվտանգության ապահովման հարցում։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Սյունիքի մարզային ու համայնքային իշխանություններին՝ ռուս սահմանապահների հետ սերտ համագործակցության ու տարբեր հարցերում աջակցության համար։

Սերգեյ Կոպիրկինն ասել է, որ հայ և ռուս ժողովուրդները կապված են պատմությամբ, մշակույթով, ավանդույթներով, և այդ կապերն ավելի ու ավելի ամրապնդել է պետք․ «Ինչ վերաբերում է Սյունիքին, մարդիկ այստեղ միայն լսելով չէ, որ գիտեն այդ կապերի մասին, նրանք ամեն օր տեսնում են դա»։

Բարձրաստիճան դիվանագետը ներկայացրել է նաև այն կրթական, մշակութային, երիտասարդական ծրագրերը, որ մարզում իրականացնում է դեսպանատունը։

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը եւս շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության համար ու նշել անվտանգային առումով ռուս սահմանապահների ներկայության կարևորությունը համայնքի համար։ Ներկաները քննարկել են տնտեսական, ներդրումային առավել ակտիվ համագործակցությանը, երկկողմ ուղղությամբ զբոսաշրջության զարգացմանը, ենթակառուցվածքներին վերաբերող և այլ հարցեր։

Հանդիպման ընթացքում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, առևտրատնտեսական հարաբերությունների մասին խոսելիս, հայտնել է, որ ռուսական կապիտալով ներդրումների ծավալով ՀՀ-ում Սյունիքը Երևանից հետո երկրորդն է ու նշել տնտեսական կապերի ակտիվացման հեռանկարների մասին։ Նա նաև ասել է, որ ռուսական կողմը պատրաստակամ է զարգացնել երկրների միջև միջմարզային համագործակցությունը։

Back to top button